չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ոռոգման կաթիլային համակարգ տեղադրած անձանց սուբսիդավորում կտրամադրվի

Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում ոռոգման կաթիլային համակարգ տեղադրած անձանց սուբսիդավորում կտրամադրվի

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում սեփական միջոցներով ոռոգման կաթիլային համակարգեր տեղադրած անձանց կտրամադրվի սուբսիդավորում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության մամուլի պատասխանատու Գոհար Հայրապետյանը:

«2020 թվականին բազմամյա տնկարկների, ծխախոտի, բանջարաբոստանային կուլտուրաների և այլ միամյա մշակաբույսերի մշակության նպատակով ոռոգման կաթիլային համակարգի տեղադրման դիմաց պետական աջակցություն չստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սուբսիդավորում տրամադրելու նպատակով անհրաժեշտ է մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել գյուղատնտեսական նշանակության հողատարածքի նկատմամբ սեփականության, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի, իսկ վերաբնակեցման տարածքներում վկայականի բացակայության դեպքում՝ համայնքի ղեկավարի կողմից տրված համապատասխան տեղեկանքի, անձնագրի, սոցալական քարտի պատճենները, վարչակազմի, կա՛մ համայնքի ղեկավարի, կա՛մ համայնքը սպասարկող գյուղատնտեսի կողմից տրամադրված՝ ոռոգման կաթիլային համակարգի տեղադրման փաստը հավաստող տեղեկանք և նախգծանախահաշվային փաստաթղթեր»,- նշել է Գ. Հայրապետյանը:

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ հայտերն ընդունելուց հետո դրական եզրակացություն ստացած հայտատուների հետ նախարարությունը կկնքի համապատասխան պայմանագրեր և մեկ տարվա ընթացքում կհատկացնի համապատասխան ֆինանսական միջոցներ: «Սույն ծրագրի շահառու հանդիսանալու պարտադիր պայման է մեկ կուլտուրայի հաշվով հողատարածքի նվազագույնը 0,5 հա մակերեսի առկայությունը»,- ընդգծել է նա:

Լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են դիմել էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն կամ զանգահարել 047 94 29 74 հեռախոսահամարին։

  • Կիսվել: