ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ծանր հիվանդների թիվն ավելացել է. մասնագետը ներկայացնում է համավարակի դեմ պայքարի միջոցներն ու տարբերակները

Ծանր հիվանդների թիվն ավելացել է. մասնագետը ներկայացնում է համավարակի դեմ պայքարի միջոցներն ու տարբերակները

Վերջին շրջանում Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների թվի աճ է նկատվում:

Հիվանդության հաղթահարման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է ԱՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական հիգիենայի և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի հետ։

«2021 թվականի ընթացքում թեստավորվել է 13 897 քաղաքացի. նրանցից

1236-ի մոտ գրանցվել է դրական պատասխան՝ քովիդով վարակվածություն։ Հոկտեմբերի 12-ի՝ ժամը 12:30-ի դրությամբ, 49 հիվանդ ստացիոնար բուժում է ստանում, 8-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ի վիճակն էլ՝ միջին ծանրության: Արձանագրենք, որ ծանր հիվանդների թիվն ավելացել է: Ուզում եմ դիմել մեր հասարակությանը և հավաստիացնել, որ միակ ճանապարհը, որով կարելի է հաղթահարել կորոնավիրուսը, պատվաստումն է: Բնակչության 70 տոկոսը պետք է պատվաստվի, որպեսզի կարողանանք հաղթահարել այս խնդիրը և ունենալ նկատելի արդյունք»,- մանրամասնեց համաճարակաբանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով պահպանել սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները՝ փակ տարածքներում, առևտրի կենտրոններում, բանկերում, երթուղային տաքսիներում անպայման կրել դիմակ, հնարավորինս պահպանել 1-1,5 մ սոցիալական հեռավորություն, խուսափել մասսայական հավաքներից, հաճախակի ախտահանել ձեռքերը։

Խոսելով ուսումնական հաստատություններում տարվող հակահամաճարակային միջոցառումների մասին՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ դպրոցներում կորոնովիրուսային հիվանդության մի քանի դեպք է գրանցվել, իսկ նման պարագայում տվյալ դասարանի աշակերտները մեկուսացվում են:

«Տարվում են հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ միջոցառումները, և այդ շրջանակում այսօր Ստեփանակերտի հանրակրթական ուսումնական հաստատություններին տրամադրվել են ախտահանման պարագաներ»,- ընդգծել է նա:

  • Կիսվել: