կիրակի, հոկտեմբեր 17
17 / 10 / 2021
Ստեփանակերտում կազմակերպվել է «Կորպուս հետազոտություններ և մեքենայական թարգմանություններ» նախագծի շնորհանդեսը

Ստեփանակերտում կազմակերպվել է «Կորպուս հետազոտություններ և մեքենայական թարգմանություններ» նախագծի շնորհանդեսը

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում կայացել է «Կորպուս հետազոտություններ և մեքենայական թարգմանություններ» նախագծի շնորհանդեսը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես է եկել Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Ալիսիա Բաղդասարյանը:

«Հայերենի թվայնացման իրողությունը Հայաստանի և Արցախի բուհական համակարգում նորություն է և շատ կարևոր է լեզվի զարգացման գործում:

Բնութագրությունը հասանալի չէ

Սեպտեմբերի 6-20-ը մեր համալսարանում հայտարարել էինք հայերենի մեքենայական թարգմանության դատասերի խմբագրման օրեր, և անգլերենի բոլոր դասերը տրամադրել ենք դրան: Ինչպես միշտ, մեր համալսարանը նախաձեռնող է նորի վերհանման գործում: Եվ, բնականաբար, այս անգամ ևս այն առաջնային դերում է»,- նշեց Ա. Բաղդասարյանը:

Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ. գ. թ. Օտար լեզուների ամբիոնին կից «Կորպուս հետազոտություններ և մեքենայական թարգմանություններ» նախագծի համակարգող Դիանա Մովսիսյանը ներկայացրեց նախաձեռնության սկիզբը, ընթացքն ու հետագա անելիքները: «Ուղիղ մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 23-ին, օտար լեզուների ամբիոնը նախաձեռնեց «Կորպուս հետազոտություններ և մեքենայական թարգմանությունն» նախագիծը։

Մենք մեր երևանյան գործընկերների հետ որոշակի աշխատանքներ ենք ձեռնարկել: Սակայն մեկ շաբաթ հետո տեղի ունեցավ չարաբաստիկ պատերազմը: Պատերազմից հետո մենք չկոտրվեցինք, մեր մեջ ուժ գտանք, և որոշեցինք շարունակել այս կարևոր նախաձեռնությունը՝ ավելի մեծ ոգևորությամբ, որովհետև լեզվի թվայնացումը 21-րդ դարում նաև անվտանգային նշանակություն ունի: Եվ մենք պատրաստ ենք օր առաջ ընդհանրացնել այս մեծ նախաձեռնությունը: Այս մեկ տարվա ընթացքում մենք իրականացրել ենք ձայնի սինթեզ, խոսքի ճանաչման, մեքենայական թարգմանության նախագծեր, և հայերենի Big Date:

Բնութագրությունը հասանալի չէ

Ձայնի սինթեզի միջոցով հայերեն տեքստն ընթերցվում է համապատասխան հարթակում: Մեքենայական թարգմանության միջոցով հայերեն տեքստը ընթերցվում է արհեստական ձայնով: Խոսքի ճանաչումը հայերեն խոսքը մեքենայական թարգմանության և արհեստական բանականության ծրագրերի մշակման արդյունքում փոխակերպվում է տեքստի: Ձայնային կորպուսը հավաքագրված լեզվական շտեմարան է, որը պարունակում է մեծ թվով տեքստեր, սակայն այդ տեքստերը համադրված են համապատասխան ձայնագրությունների հետ: Արդյունքում մենք հավաքագրել ենք մոտ 500 ժամ ձայնագրություն, որը կազմում է 200 000 տող, և որտեղ բառերի և բառաձևերի քանակը 3 600 000 է: Նշանակում է, որ մեկ տողը միջինում պարունակում է 18 բառ»,- պատմել է Դ. Մովսիսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա կոչ է արել Արցախի բուհերին և դպրոցներին միանալ այդ համահայկական արշավին։ Միջոցառման վերջում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ. գ. թ. Օտար լեզուների ամբիոնին կից «Կորպուս հետազոտություններ և մեքենայական թարգմանություն» նախագծի համակարգող Դիանա Մովսիսյանը, Օտար լեզվի ամբիոնի վարիչ Գայանե Գրիգորյանը, Օտար լեզվի ամբիոնի դասախոս, որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ալվինա Ներսիսյանը պատասխանել են ուսանողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:

  • Կիսվել: