Ստեփանակերտում կազմակերպվել է ազգային նվագարանների և ժողովրդական երգի ամենամյա մրցույթը
Այսօր ՝ հունիսի 16-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում անց է կացվել ազգային նվագարանների և ժողովրդական երգի ամենամյա մրցույթը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցութային ծրագիրն իրականացնում է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
ԱՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի ու մշակութային կրթության բաժնի պետ Ապրես Մարգարյանը տեղեկացրել է, որ 7 մասնագիտությունների գծով մրցույթին ընդգրկված էր ընդհանուր 88 մասնակից, որից 55-ն անհատ կատարողներ:
«Ազգային նվագարանների այս տարվա մրցույթը 5-րդն է: Նպատակը հայկական ժողովրդական երգարվեստի ու երաժշտարվեստի բնագավառներում շնորհաշատ պատանի երգիչներին և երաժիշտ-կատարողներին բացահայտելն է, նրանց կատարողական ունակությունների կատարելագործմանն ու գեղագիտական ճաշակի զարգացմանը նպաստելը:
Պատերազմից հետո շատ ավելի մեծ կարևորություն ենք տալիս այսպիսի միջոցառումներին, որովհետև մեր ինքնության պահպանմանն են միտված»,- նշել է Ա. Մարգարյանը:
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի մենակատար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս, «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի ղեկավար, մրցութային հանձնախմբի անդամ Հելբերտ Ասատրյանը նշել է, որ առաջին անգամ է ներկա գտնվում այս մրցույթին, բայց դեռ զինվորական ծառայության տարիներից է շփվում արցախցիների հետ, ծանոթանում Արցախի մշակութային կյանքին: Այդ ընթացքում նա բավականին մեծ ներուժ է նկատել արցախցի երեխաների մոտ:
«Շատ կարևոր է, որ ազգային նվագարանները և ազգային երգեցողությունը նոր թափ առնեն նաև մրցույթների միջոցով: Այս մրցույթների կազմակերպումը մեծ խթան է մեր երեխաների համար, որպեսզի կարողանան իրենց արվեստը ներկայացնել, ազգային նվագարանները պահպանել»,- ասել է Հ. Ասատրյանը:
Շուշիի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի սան Աննա Դանիելովայի համար կարևորը մասնակցությունն է, բայց հաղթանակն էլ իր տեղն ունի:
