չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի երգչխախումբը համերգով հյուրընկալվել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի երգչխախումբը համերգով հյուրընկալվել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում

Այսօր` մայիսի 26-ին, մայրաքաղաքի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալել է Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողներին:

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել երեք սերնդի` <<Թզուկներ>>, <<Ծիածան>>մանկապատանեկան և ուսանողական երգչախմբերը, որոնց գեղարվեստական ղեկավարն է Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դասախոս և խմբավար Վիոլետա Բաղիշյանը:

Միջոցառման ողջ ընթացքում երգչախմբերին նվագակցել է դաշնակահարուհի Քրիստինե Միրզոյանը: <<Արցախպրես>>-ի հետ զրույցում խմբավար Վ. Բաղիշյանը շեշտում է, որ իր երգչախմբերի հետ միասին մեծ սիրով է միացել ուսումնարանի համերգային ցիկլին:

<<Պատերազմից հետո շատ դժվար էր հոգեպես ապաքինվելը, այդ ընթացքը երկար տևեց, բայց մեր մասնագիտությունը առաջատար մասնագիտություն է, որով մենք պարտավորված ենք մեր ժողովրդին կյանքի կոչել>>,-նշել է մեր զրուցակիցը:

Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Պետրոսյանը ելույթի իր խոսքում շնորհակալություն հայտնեց նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։
<<Դպրոցի և ուսումնարանի միջև միշտ պետք է սերտ համագործակցություն լինի: Վստահ եմ, որ շարունակական կլինի այսպիսի միջոցառումների կազմակերպումը, որտեղ կընդգրկվեն ոչ միայն վոկալային, այլ նաև տարբեր գործիքային կատարումներ: Մենք նույնպես կցանկանայինք մեր համերգային ծրագրով այցելել ուսումնարան: Իսկապես, այսօր մեծ բավականություն ստացանք, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալ ենք>>, - ասել է Ա. Պետրոսյանը:
Նա երաժշտական դպրոցի անունից շնորհակալագիր հանձնեց խմբավար Վ. Բաղիշյանին` կրթօջախում երգչախմբային բարձր արվեստը զարգացնելու համար:

 

  • Կիսվել: