Ստեփանակերտի կենտրոնական շուկան այսօր. Շրջափակում. օր 39-րդ
Ստեփանակերտի կենտրոնական շուկան առաջվա նման մարդաշատ չէ. այցելուներ գրեթե չունի, աշխատողներն էլ իրենց անհանգստությամբ են կիսվում։
Տիկին Մարոն, ով այս օրերին ձեռքի տակ ունեցածն է վաճառում, անկեղծանում է` ոչինչ առաջվանը չէ։

Գրեթե նույն տրամադրվածությամբ իր ձեռքով պատրաստած օղին ու գինին է վաճառքի հանել գյուղատնտես Գարիկը։

«Առաջին պատերազմից հետո սկսեցի շուկա հանել իմ պատրաստած օղին, գինին, խաղողի հյութը։ Ունեմ չորս տարվա հնության գինի։ Մինչ շրջափակումը` պատկերն այստեղ այլ էր»,-«Արցախպրես»-ի թղթակցին ներկայացնում է գյուղատնտեսը։
Հարցին, թե խմիչք գնու՞մ են քաղաքացիները, կատակում է` սնունդ կա՞, որ հետն էլ օղի խմեն։
Տիկին Նարինեն էլ կանաչեղեն և չրեր է վաճառում։ Կանաչեղենը Իվանյան համայնքից երկու օրը մեկ գնում ու վաճառքի է հանում։
«Շրջափակման պայմաններում մեկ փունջ կանաչին 400 դրամով եմ գնում։ Այս իրավիճակով պայմանավորված` սնունդը պակասել է, գները` թանկացել։ Այդ ամենն էլ մեր հոգեվիճակն է խարխլում»,-ասում է նա։