հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շուշին ազատագրողները երբեք չեն ընդունելու Շուշին հանձնելու անփառունակ էջը. Աշոտ Ղուլյան

Շուշին ազատագրողները երբեք չեն ընդունելու Շուշին հանձնելու անփառունակ էջը. Աշոտ Ղուլյան

Արդարացիորեն չի հանգստանում Շուշիի պատկանելության շուրջ ծավալվող դիսկուրսը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկն այսօր ինձ հետ հեռախոսազրույցում չէր կարողանում թաքցնել իր ցասումը և դժգոհում էր, թե ինչու որևէ մեկը չի պատասխանում այդ սխալ մեկնաբանություններին: Իմ դիտարկմանը, թե արդեն բազմաթիվ նյութեր ու պատմական տվյալներ են հրապարակվել՝ նա իրավացիորեն նկատեց, որ այդ նյութերի մեծ մասը գրվում են սոցիալական ցանցերում և բավարարվում ենք նրանով, որ մենք գրում ենք՝ մենք էլ կարդում:

Շատ կարևոր են ժողովրդագրական ու վիճակագրական տվյալները, որ այս օրերին տարբեր աղբյուրներից մեջբերվում են որպես հակափաստարկ: Բայց միայն դրանով չպիտի բավարարվել. խորքում ավելի մեծ գաղափար է դրված: Շուշին առաջին հերթին Ղարաբաղը միասնական պահելու խորհրդանիշ է (մելիքական Ղարաբաղն առաջին անգամ պառակտվել է Շուշին քոչվորներին տալով և այսօրվա «Փանահ խաները» ավելի լավ են սերտել այդ փաստը), Շուշին Արցախը Հայաստանին միացնող գլխավոր հենակետն է (տեղանքը պատկերացնողները կհասկանան, իսկ համեմատություններ սիրողների համար՝ մեր Գոլանի բարձունքն է) և, վերջապես, Շուշին մեր վերագտած ազգային արժանապատվությունը, հոգևոր-մշակութային հարուստ գանձարանը սնուցող խորհրդանիշներից մեկն է…

Իմ պատկերացմամբ, երեսուն տարվա պետականության պարագայում, երբ ղեկավարը պետք է պատասխանի որևէ հարցի, պատշաճ է, որ նրա համար անհրաժեշտ տեղեկանքներ ու տվյալներ պատրաստվեն օգնականների, խորհրդականների, ինստիտուտների կողմից: Այդ պատասխանատուներից ոչ մեկը համարձակություն չունե՞ր հուշելու, որ Շուշին Արցախի հայկականության առանցքն է, և հենց այդ պատճառով են օտարները համառորեն ձգտում կտրել այն մեզնից:

1992թ. մայիսին Շուշին ազատագրողներին այս խորքային գաղափարները ոչ ոք չի բացատրել, բայց նրանք հավատում էին, որ երկրի ազատագրումն առանց արժեքային հիմքերի անհնարին կլինի: Անիմաստ է պատճառաբանություններ փնտրել Շուշին հանձնելու համար, միևնույն է, հայոց բերդաքաղաքն ազատագրողները երբեք չեն ընդունելու այդ անփառունակ էջը: Այս ու հաջորդ սերունդների համար Շուշին շարժիչ ուժ է ու նպատակ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղուլյանը։

 

 

  • Կիսվել: