երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Շուշիի ամեն քարը հայկական է, այլ հարց է, որ Ալիևները մշտապես փորձել են հայաթափել քաղաքը․ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյան

Շուշիի ամեն քարը հայկական է, այլ հարց է, որ Ալիևները մշտապես փորձել են հայաթափել քաղաքը․ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյան

Արցախի ազգաբնակչությունը հայտնվել է լրջագույն խնդիրների առաջ և գրեթե միայնակ է դրանց առջև, քանի որ պետության օգնությունը բավարար չէ: Այս մասին ասուլիսում հայտարարեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Նրա խոսքով, խնդիրները շատ են՝ թե՛ հագուստի, թե՛ ապրուստի, թե՛ սննդի հետ կապված: Վարձով բնակարանները Հայաստանում ու Արցախում աստղաբաշխական գումարներ են կազմում, ու թեև պետությունը որոշակիորեն օգնում է, բայց դա բավարար չէ առկա խնդիրները լուծելու համար: Նա նշեց, որ հայտարարվել է, որ թե՛ ՀՀ-ն, թե՛ Արցախը որոշակիորեն կփոխհատուցեն նաև վարձով բնակարանների գումարը, սակայն մինչ այս պահը որևէ պատասխան չեն ստացել բոլոր այն մարդիկ, որոնք դիմել են այդ աջակցությունը ստանալու համար: Խնդիր է նաև պետական աջակցություն ստանալը, քանի որ կարգը թերի է և շատ մարդիկ, որոնք իրական շահառուներ են, չեն կարողանում ստանալ այդ աջակցությունը:

«Շուշիի բնակչությունը, որ զրկվել է ամեն ինչից՝ մարդիկ թողել են իրենց ունեցվածքը, տունը, ամենը, նրանցից շատերը չեն կարողանում օգտվել պետական աջակցությունից: Սա մեծ խնդիր է, գործընթացի թերի լինելու պատճառով խնդիրներ են առաջանում»,- ասաց Շուշիի քաղաքապետը:

Նախորդ հարցազրույցներից մեկում նա հայտարարել էր, որ եթե Շուշիի պաշտպանությունը լավ կազմակերպվեր, ապա բերդաքաղաքը չէր ընկնի: Այսօր ևս Արծվիկ Սարգսյանը կրկնեց այդ պնդումը՝ նշելով, որ Շուշիի պաշտպանությունը պետք է սկսվեր Հադրութից. նահանջելով եկան հասան Շուշի և սա հենց հրամանատարության կողմի գործընթացի սխալ կազմակերպման արդյունք է:

«Մինչև հիմա պատասխան չկա, թե ով է հրաման տվել Քարին տակից դուրս գալու, թե ինչո՞ւ են նահանջել, թե ինչո՞ւ մինամյոտ չի եղել: Սա տալիս է ինձ առիթ մտածելու, որ Շուշին դիտավորյալ է հանձնվել»,- շեշտեց նա:

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությանը, թե Շուշին հայկական չի եղել, քաղաքապետն ասաց՝ Շուշիի ամեն քարը հայկական է: Այլ հարց է, որ Ալիևները մշտապես փորձել են հայաթափել Շուշին:


  • Կիսվել: