կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի պատասխանը՝ Շուշիում միջոցառմանն ուղղված Հայաստանի կողմից հնչեցված բողոքի նոտայի վերաբերյալ

Ադրբեջանի պատասխանը՝ Շուշիում միջոցառմանն ուղղված Հայաստանի կողմից հնչեցված բողոքի նոտայի վերաբերյալ

Ադրբեջանը պատասխանել է Հայաստանի կողմից հնչեցված բողոքի նոտային, որը պայմանավորված է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավմանը` մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

«Ադրբեջանի «ինքնիշխան տարածքներում» ցանկացած միջոցառման կազմակերպումը և դրան միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը չի մտնում Հայաստանի իրավասության մեջ: Հայաստանի միջամտությունն այլ պետության ներքին գործերին անհիմն է և անընդունելի»,- այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։ 

Մարտի 19-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնվել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ ներկայացվել էր արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը։

  • Կիսվել: