շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուս սակրավորներն ականազերծել են Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի  շուրջ 3 կիլոմետր հատված

Ռուս սակրավորներն ականազերծել են Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի շուրջ 3 կիլոմետր հատված

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Հաղորդագրության համաձայն՝ ռուսական ինժեներային հետախուզության ստորաբաժանումները իրականացնում են ականազերծման աշխատանքներ խաղաղապահ դիտակետերի միջև ընկած տարածքներում, բնակավայրերի և սոցիալական ենթակառուցվածքների մոտակայքում:

Կենտրոնի մասնագետների կողմից իրականացվել է ինժեներական հետախուզություն և պայթյունավտանգ առարկաների հեռացում  Շուշի-Լիսագոր ճանապարհին՝ շուրջ 3 կիլոմետր հատվածում:

Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 100 պայթյունավտանգ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորումներով հագեցած զորավարժարան և ոչնչացվել են:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում ինժեներական ստորաբաժանումները մաքրել են ավելի քան 24 հեկտար տարածք և ավելի քան 8 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 750 պայթյունավտանգ առարկա:

Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել զորավարժարան, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգությունը:

ՌԴ ՊՆ-ն նշում է, որ ռուս խաղաղապահները առավելագույնս աջակցում են տեղական իշխանություններին՝ խաղաղ կյանքը վերականգնելու հարցում: Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները օգնում են վերականգնել ճանապարհային շարժը, սոցիալական օբյեկտների և բնակելի տների էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը:

  • Կիսվել: