երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՌԴ-ի հետ Արցախն իր հարաբերությունները կառուցում է բարեկամական քաղաքականության տրամաբանությամբ․ ԱՀ նախագահի խոսնակ

ՌԴ-ի հետ Արցախն իր հարաբերությունները կառուցում է բարեկամական քաղաքականության տրամաբանությամբ․ ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում տեղ գտած տեղեկությանը՝ թե իբր Արցախում իշխանությունների ուղղորդմամբ հակառուսական տրամադրություններ են հրահրվում:

Նա, մասնավորապես, գրել է․

«Հրապարակ» օրաթերթը հերյուրանք պարունակող մի հոդված է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե իբր Արցախում իշխանությունների ուղղորդմամբ հակառուսական տրամադրություններ են հրահրվում:

Հոդվածագրի թյուր, չհիմնավորված ենթադրությունների և երևակայության այդ շարադրանքը որևէ աղերս չունի իրականության հետ, ուստի չեմ անդրադառնա դրա մանրամասներին: Բայց որպեսզի բոլորի, այդ թվում՝ մեր թշնամիների համար թեման շահարկման առարկա չդառնա, կարևոր եմ համարում մի քանի արձանագրում կատարել: Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում հայկական ամենահոծ համայնքներից մեկը, իսկ Արցախից երբևէ գաղթած հայերի մեծ մասը հաստատվել է հենց ՌԴ-ում: Ու հայրենակիցների հետ սերտ կապերի պահպանման պահանջով առաջիկայում Հանրապետության նախագահի և «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխության միջոցով կավելացվի հանրային հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող ռուսերեն լեզվով հաղորդումների սահմանված եթերաժամանակը: Մեկ այլ նախաձեռնությամբ կառաջարկվի հանրակրթական և բուհական կրթական ծրագրերում ավելացնել ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը:

Հաշվի առնելով ՌԴ-ից Արցախ ժամանող զբոսաշրջիկների թիվը և գործընթացը խթանելու նպատակով՝ Հանրապետության նախագահի հանձնարարականի համաձայն՝ առաջիկայում Արցախի ողջ տարածքում տեղադրված տեղեկատվական նշանակության ցուցանակներում պարտադիր տեղ կգտնի նաև ռուսերեն տարբերակը: Ի հեճուկս՝ տարբեր տրամադրություններ սերմանողների, որոնց պատվիրատուն հաճախ չգիտենք, թե որ պետությունից է, նշեմ, որ առաջիկա հինգ տարիները Ռուսաստանի Դաշնության հետ առկա հարաբերությունների ընդլայնման և զարգացման շրջան է լինելու: Ռուսաստանի Դաշնության հետ Արցախի Հանրապետությունը իր հարաբերությունները կառուցում է բարեկամական քաղաքականության տրամաբանությամբ: Օբյեկտիվ պատճառներով մենք այսօր չենք կարող բացել բոլոր փակագծերը, բայց տասնամյակներ հետո արխիվները կպատմեն այդ մասին...

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: