ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Պլանավորվում է Արցախից Հայաստան տեղափոխել 30-ից ավելի  ծանր վիրավորի. ԱՀ առողջապահության նախարար

Պլանավորվում է Արցախից Հայաստան տեղափոխել 30-ից ավելի ծանր վիրավորի. ԱՀ առողջապահության նախարար

Ունենք մի քանի տասնյակ զոհեր, եւ զոհերի մեջ կան քաղաքացիական անձինք, կա մանուկ՝ երեխա: Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադեւոսյանը:

«Զոհված մանուկ երեխայի եղբայրն այս պահին ծանր վիճակում է: Կա նաեւ մի ուրիշ երեխա, որ հիմա կազմակերպում ենք այդ երեխայի, նրա մոր եւ մահացած երեխայի աճյունը տեղափոխել Հայաստան: Աշխատանքներ ենք իրականացնում դա կազմակերպելու համար:

Քիչ առաջ վերջապես Մարտունիից մեր վիրավորներին բերեցին հանրապետական հիվանդանոց, կսկսեն նրանց բուժումները շարունակել: Ավաղ, խնդիր ունենք այսօր Մարտակերտից մեր զոհվածների աճյունները տեղափոխելու, ծանր վիրավորում ստացածներին տեղափոխելու: Ռուս խաղաղապահները փոխեցին պլանները, եւ չունենք ուղեկցող: Կարծում եմ՝ վաղը կկարողանանք Կարմիր խաչի օգնությամբ դա անել»,-նշել է նա:

Նախարարի խոսքով՝ տվյալ պահին աշխատանքներ են տանում, որ այսօր ծանր վիրավորում ունեցող 30-ից ավելի մեր հայրենակիցներին տեղափոխեն Հայաստան:

«Ուրախ եմ, որ Կարմիր խաչի կազմակերպությունը տվեց համաձայնություն, որ ուղեկցեն: Մեքենաները Հայաստանից գան Ստեփանակերտ, վերցնեն մեր վիրավորներին եւ տեղափոխեն Հայաստան: Ունենում ենք դեպքեր, որ ուշացնելու պատճառով չենք հասցնում կյանքը փրկել»:

  • Կիսվել: