ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատերազմի հետևանքով տեղահանված ավելի քանի 101 հազար արցախցի աջակցություն է ստացել

Պատերազմի հետևանքով տեղահանված ավելի քանի 101 հազար արցախցի աջակցություն է ստացել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ամփոփել է հետպատերազմյան շրջանում իրականացված աջակցության ծրագրերի արդյունքները:

«2020թ․պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի չափահաս և անչափահաս քաղաքացիներին տրամադրվել է 68,000 դրամ միանվագ աջակցություն, անշարժ գույք չունենալու դեպքում՝ հավելյալ 15,000 դրամ։ Ծրագրից օգտվել է ավելի քան 101,000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 7 մլրդ 500 մլն դրամ աջակցություն»,- այս մասին հայտնում են նախարարությունից:

Մանրամասնում են, որ Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին ամսական տրամադրվել է 68,000 դրամ աջակցություն՝ 4 ամիս ժամկետով։ Շահառուների թիվն՝ ավելի քան 100,000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 27 մլրդ դրամ աջակցություն։

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս և անչափահաս քաղաքացիներին տրվել է 300,000 դրամ աջակցություն։

Ծրագրից օգտվել է շուրջ 36,000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 11 մլրդ դրամ աջակցություն։

Պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակության համար ոչ պիտանի դարձած բնակելի անշարժ գույք ունեցող արցախցիներին տրամադրվել է միանվագ՝ 250,000 դրամ աջակցություն։

Շահառուների թիվը՝ շուրջ 5,400 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 1 մլրդ 400 մլն դրամ աջակցություն։

Արցախում բնակության հնարավորությունը կորցրած արցախցիներին հյուրընկալելու համար իրականացվել են մի քանի միջոցառումներ։ Երկու միջոցառումով իննամսյա աջակցություն է տրամադրվել արցախցի ընտանիքներին հյուրընկալող քաղաքացիների։ Երկու միջոցառման դեպքում էլ Հայաստանում հյուրընկալած ֆիզիկական անձին յուրաքանչյուր չափահաս արցախցու հյուրընկալման համար տրամադրվել է ամսական 30,000 դրամի չափով աջակցություն։ Մինչև 2021 թ․ մայիս ամիսը միջոցառման շահառու են համարվել նաև Արցախում հյուրընկալողները, որոնց տրամադրված աջակցությունը յուրաքանչյուր չափահաս արցախցու համար կազմել է ամսական 45,000 դրամ։

Ծրագրերի միջոցով մինչ օրս հյուրընկալվել է միջինում ամսական շուրջ 10,000 չափահաս քաղաքացի, տրամադրվել է շուրջ 2 մլրդ 600 մլն դրամ աջակցություն։

Համանման միջոցառում է իրականացվել նաև 2020թ․ պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի աջակցելու նպատակով։ Նախորդ ծրագրերի սկզբունքով տրվել է 30,000-ական դրամ աջակցություն՝ յուրաքանչյուր չափահաս արցախցու հյուրընկալման ծախսերի փոխհատուցման համար։ Ծրագիրը վեցամսյա է։

«Մինչ օրս ծրագրի միջոցով հյուրընկալվել է ամսական 325 չափահաս քաղաքացի, տրամադրվել է շուրջ 46 մլն դրամ աջակցություն։ Զուգահեռ իրականացվել է աջակցության համակարգումը բարեգործական կազմակերպությունների կողմից այս կամ այն պատճառով ծրագրին չդիմած կազմակերպություններին աջակցելու մասով»,- ընդգծում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրերի շրջանակում՝ համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվող արցախցիներին մեկ աշխատանքային օրվա համար տրամադրվել է 8,000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները։ Ծրագրերից օգտվել է՝ շուրջ 80 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 24 մլն դրամ։

Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար վճարովի պրակտիկայի ծրագրում ներգրավված Արցախի գործազուրկ քաղաքացիներին ամսական տրամադրվել է 100,000 դրամ զուտ աշխատավարձ՝ 3 ամիս ժամկետով։ Գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին տրվել է ամսական 34,000 դրամ վարձատրում։ Ծրագրերից օգտվել է ավելի քան 315 քաղաքացի, տրամադրվել է 102 մլն աջակցություն։

Արցախցի մինչև 5 տարեկան երեխաներին տրամադրվել է միանվագ 20,000 դրամ աջակցություն։ Ծրագրից օգտվել է շուրջ 14,700 երեխա, տրամադրվել է ավելի քան 290 մլն դրամ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրամադրվել է 1-ից 5 միլիոն դրամ միանվագ աջակցություն։

Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ու հաշմանդամություն ձեռք բերած 75 անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին, ընդհանուր առմամբ, տրամադրվել է 303 մլն դրամ աջակցություն։

Անհետ կորած անձանց մասով միջոցառումը վերամշակվել է։ Մասնավորապես՝ քաղաքացիական անձանց շրջանում անհեյտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքներին հատկացվող միանվագ դրամական օգնությունը (1.000.000 դրամ) փոխարինվել է ամսական միանվագ դրամական օգնությամբ (ամսական 300.000 դրամ)։ Ամսական միանվագ դրամական օգնության չափը հաշվարկում է սկսած 2020 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, եթե առկա չէ անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) համարելու հիմքերը հայտնի դառնալու կամ դադարելու մասին տեղեկատվություն։

Եթե առկա է անհետ կորած (ինչպես նաև գերեվարված) համարելու հիմքերը հայտնի դառնալու կամ դադարելու մասին տեղեկատվություն, ապա ամսական միանվագ դրամական օգնության չափը հաշվարկում է նշված հիմքերը հայտնի դառնալու ամսվանից մինչև հիմքերը դադարելու ամիսը ներառյալ։

Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած` բժշկական հաստատություններում ստացիոնար բժշկական օգնություն և սպասարկում ստացած զինծառայողներին (բացառությամբ՝ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողների) տրամադրվել է 500,000 դրամ-ական աջակցություն։ Ծրագրից օգտվել է շուրջ 7,400 զինծառայող, տրամադրվել է շուրջ 3 մլրդ 700 մլն դրամ աջակցություն։

Պատերազմի հետևանքով անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին տրամադրվել է ամսական 300,000 դրամ աջակցություն՝ առավելագույնը 9 ամիս ժամկետով։ Գումարի բաշխումն իրականացվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից։

Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին տրվել է ամսական 300,000 դրամ աջակցություն։ Տրամադրվել է շուրջ 550 մլն դրամի չափով աջակցություն։

Պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով անշարժ գույքին վնաս հասցված ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է միանվագ դրամական աջակցություն: Ծրագրից օգտվել է Սյունիքի մարզի 120 քաղաքացի, վնասի փոխհատուցման նպատակով ընդհանուր առմամբ քաղաքացիները ստացել են շուրջ 52 մլն դրամ։

Պատերազմի հետևանքով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին մինչև նոր տների կառուցումը տրվել է միանվագ 300,000 դրամ և 6 ամսվա համար` 68,000 դրամ աջակցություն։ Շահառուների թիվը՝ 44 քաղաքացի, տրամադրվել է 31 մլն դրամ։

Իրականացվել է Արցախի բնակչության կոմունալ ծախսերի ֆինանսավորում՝ շուրջ 8 մլրդ 600 մլն դրամի չափով։

Իրականացվել է արցախցիների կենսաթոշակների, նպաստների, պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի, առողջապահական ծախսերի ֆինանսավորում՝ շուրջ 28 մլրդ 800 մլն դրամի չափով։

  • Կիսվել: