Ողբերգություն է, երբ մարդիկ հայրենիքն ու երկիրը գնահատում են իրենց դիրքով եւ պաշտոնով․ Վահրամ Աթանեսյան
Արցախի կառավարության որոշմամբ Աշոտ Դադայանն ազատվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել է Սասուն Բարսեղյանը: Այս մասին ասվում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Ըստ քաղաքագետի՝ կադրային փոփոխության հաջորդ օրն Աշոտ Դադայանը լրատվամիջոցներից մեկին ասել է, որ ազատվել է «առանց պատճառի»: Աշոտ Դադայանը մասնակցել է նախագահական ընտրություններին, ստացել ընդամենը 141 քվե: Եւ հարց է, թե նման վարկանիշ ունեցողն ինչու՞ եւ ինչպե՞ս է նշանակվել շրջանային վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Դադայանն ասել է, որ իր փոխարեն նշանակված Սասուն Բարսեղյանը «բիզնեսմեն է»:
«Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված՝ ԱՀ նախագահի թեկնածու Աշոտ Դադայանի անձնական տվյալներից պարզ է դառնում, որ նա աշխատել է «Միլենիում պրոդակշն» ՍՊԸ-ում: Նրա զբաղեցրած պաշտոնը նշված չէ, բայց հավանաբար ինքն էլ այդ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատերն է: Այսինքն, Աշոտ Դադայանը գործարար է:
Եւ եթե առաջնորդվելու լինենք նրա տրամաբանությամբ, ապա ԿԸՀ-ն չպետք է նրան Արցախի նախագահի թեկնածու գրանցեր: Բայց քանի որ սահմանադրությամբ եւ օրենքով նախագահի թեկնածուի համար նման սահմանափակումներ չկան, Աշոտ Դադայանը գրանցվել է, քարոզարշավ տարել եւ ստացել իրեն հասանալիք քվեները: Բայց մի բանում շահել է՝ նավից ընկել է պարահանդես: Դարձել է քաղաքական դեմք, գնահատականներ է հնչեցնում, վերջում էլ մի տեսակ սպառնալու նման ասում, թե որոշել է հեռանալ Արցախից: Ողբերգությունն, ահա, այստեղ է, երբ մարդիկ հայրենիքն ու երկիրը գնահատում են իրենց դիրքով եւ պաշտոնով: Մարդը հստակ խոստովանում է, որ նախագահական ընտրություններին մասնակցել է հետագայում ինչ-որ պաշտոն ստանալու ակնկալիքով: Հիմա երբ պարզ է դառնում, որ հավակնությունները կարողությունից վեր են, որոշում է «հեռանալ էս երկրից»: Այս եւ նման այլ ցավոտ հարցերը լուծում պետք է գտնեն»,- գրում է Վահրամ Աթանեսյանը: