շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նվիրումը` անմահություն... Արտակ Խաչատրյան

Նվիրումը` անմահություն... Արտակ Խաչատրյան

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ: Նրանցից է ավագ սերժանտ Արտակ Խաչատրյանը:

Արտակ Ավետիսի Խաչատրյանը ծնվել է 1993թ. ապրիլի 23-ին, ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում։ 2000 թվականից հաճախել է Իվանյան համայնքի միջնակարգ դպրոցը։

Բնութագրությունը հասանալի չէ

«2013-ին Արտակն անցավ ժամկետային ծառայության` Հադրութի զորամասում՝ որպես վաշտի ռազմաբուժակ։ Ծառայության ընթացքում դրսևորել է բարձր ակտիվություն և պատրաստակամություն, ինչի շնորհիվ արժանացել է ավագ սերժանտի կոչմանը։ 2015-ից ծառայությունը շարունակել է Մարտակերտի զորամասում` որպես պայմանագրային զինծառայող` նշանակվելով զորամասի դեղատան պետի պաշտոնում։ Նա մասնակցել է 2016-ի ապրիլյան պատերազմին։ 4 օր տևած պատերազմի ընթացքում Արտակին հաջողվեց փրկել բազմաթիվ վիրավորների կյանքեր։ Արտակը ծառայել է նաև Իվանյանի զորամասում։ Սակայն 2020-ի փետրվարին նորից վերադարձել է արդեն հարազատ դարձած Մարտակերտի զորամաս և ստանձնել գումարտակի ռազմաբուժակի պաշտոնը։ Ծառայակից ընկերների խոսքով՝ զորամասում նրան շատ էին սիրում, բոլորը ճանաչում և հարգում էին` թե' որպես մարդ, թե' որպես լավ ընկեր ու աշխատակից և թե' որպես գործի հմուտ գիտակ։ 2020թ. սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց 44 օրյա պատերազմը, Արտակը Երևանում էր, զորամասից ուղարկել էին վերապատրաստման դասընթացների։ Պատերազմի մասին բոթն առնելուն պես` Արտակն առանց մի վայրկյան երկմտելու եկավ Արցախ և անմիջապես մեկնեց առաջնագիծ։ Մասնակցել է Մարտակերտի ծանր մարտերին, հոկտեմբերի 23-ին բարձրացել դիրքեր և հենց հաջորդ օրը տեղափոխվել Մարտունի։ Եղել է Մարտունու ամենաթեժ կետերում՝ Կարմի շուկա, Ճարտար և Ճարտարից ոչ հեռու գտնվող՝ «Ուլյան» կոչվող բարձունքում։ Ստանալով ձախ ձեռքի վիրավորում՝ վիրակապել է ինքն իրեն և շարունակել կատարել իր սուրբ գործը։ Ուլյան լեռում հոկտեմբերի 27-ի գիշերը վիրավորներին մարտի դաշտից դուրս բերելու ժամանակ Արտակը ծանր վիրավորում ստացավ` արդեն ոտքից, և նրան ստիպված եղան այլ շտապ օգնության մեքենայով տեղափոխել մոտակա հոսպիտալ։ Սակայն դեռ հոսպիտալ չհասած, մեքենան, որտեղ գտնվում էր վիրավոր Արտակը, թիրախավորվեց։ Ցավոք, նրան փրկել չհաջողվեց... Արտակի մարտական ընկերները նրա զոհվելուց ամիսներ անց պատմեցին, որ Արտակը առաջին բժշկական օգնություն էր ցուցաբերում հենց ռազմի դաշտում, փամփուշտների և ռմբակոծության տակ, մեջքին առած` հանում հարյուրավոր վիրավորների, նաեւ զոհերին։ Արտակը հանգչում է Նորագյուղ համայնքի զինվորական պանթեոնում` իր եղբոր՝ Հերոս Արմեն Խաչատրյանի կողքին, ով նույնպես անմահացել է 2020թ. պատերազմում», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է հայրենիքի նվիրյալի ընտրյալը՝ Ռուզաննան:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի խոսքով՝ Արտակը մեծ պլաններ ուներ` ապագայի հետ կապված. մեծագույն երազանքն էր ընտանիք կազմել և երեխաներ ունենալ: «Արտակս շատ բարի, ներողամիտ, հասկացող ու զիջող էր, ամեն ինչ անում էր կոնֆլիկտներից հեռու մնալու համար. սիրում էր խաղաղությունը։ Նա սեր և ժպիտ էր արձակում, նրա կողքին ակամայից ժպտում էի, միշտ ապահով և պաշտպանված էի զգում։ Արդեն մեր երազանքին հասնելու ճանապարհին էինք, բայց պատերազմն ամեն ինչ փոշիացրեց, թողեց միայն կսկիծ և դառը կարոտ», - ասել է մեր զրուցակիցը:

Արտակ Ավետիսի Խաչատրյանը ցուցաբերած արիության և սխրագործությունների համար հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով։

  • Կիսվել: