երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Բուլղարիան դուրս է եկել «Ուկրաինայի աջակիցների կոալիցիայից»

Բուլղարիան դուրս է եկել «Ուկրաինայի աջակիցների կոալիցիայից»

Բուլղարիան այլևս չի անդամակցի «Ուկրաինայի աջակիցների կոալիցիային», որի նպատակն է օգնել Կիևին ռուս-ուկրաինական պատերազմում, տեղեկացնում է Bloomberg-ը:

Նշվում է, որ Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևն ասել է, որ հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն դիվանագիտական ճանապարհով: Նրա խոսքով՝ Ուկրաինային ռազմական աջակցությունը երկարաձգում է պատերազմը:

Աղբյուրը նշում է, որ Ռադևը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում «պրագմատիկ մոտեցման» կողմնակից է։

Բուլղարիայի ներկայացուցիչները չեն մասնակցել նաև «Կամեցողների կոալիցիայի» անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Փարիզում հուլիսի 13-ին։ Կոալիցիայի ձևավորման մասին հայտարարել էին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունները 2025 թվականի գարնանը։ Այն ներառում է մոտ 30 երկիր, այդ թվում՝ Եվրամիության պետությունները, ԱՄՆ-ը, Ավստրալիան և Ճապոնիան։

Նշենք, որ հուլիսի 13-ին Փարիզում հայտարարվել է հակահրթիռային պաշտպանության կոալիցիայի ստեղծման մասին։ Դրան անդամակցում են Ուկրաինան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Նորվեգիան և Դանիան։ Նաև Փարիզն Ուկրաինային SCALP թևավոր հրթիռներ արտադրելու արտոնագիր կտրամադրի։ Բացի այդ՝ Կիևը կստանա կառավարվող ավիացիոն զինամթերքի և զենիթային հրթիռների արտադրության արտոնագրեր: Ուկրաինան նաև մտադիր է ֆրանսիական 16 Rafale կործանիչ գնել։

 

  • Կիսվել: