հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նաև մեզ է վստահված Հայրենիքի փրկության կարևոր առաքելությունը. Հադրութի դպրոցի դասվար

Նաև մեզ է վստահված Հայրենիքի փրկության կարևոր առաքելությունը. Հադրութի դպրոցի դասվար

Հոկտեմբերի 5֊ը՝ Ուսուցչի տոնը, հետպատերազմական Արցախում սերունդների մեջ հայրենասիրության ու նվիրումի սերմանման գործում ուսուցչի ունեցած վճռորոշ դերն արժևորելու ևս մեկ առիթ է։

Օրվա խորհրդով՝ «Արցախպրես»-ի թղթակիցը հանդիպել և զրուցել է ԱՀ Հադրութ քաղաքի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի դասվար Գայանե Նարիմանյանի հետ, ով շարունակում է դասավանդել Ստեփանակերտում վերաբացված Հադրութի դպրոցում։

«12 տարվա մանկավարժական փորձ ունեցող ուսուցիչ եմ և համոզված եմ, որ հենց ուսուցիչն է այն սերմնացանը, ով կրթում է հայրենիքի ապագա զինվորին, արհեստավորին, հայրենիքի ապագա մարդ-քաղաքացուն: Որպես մանկավարժ՝ փորձում եմ լինել աշակերտի ավագ ընկերը, փոխանցել իմ ունեցած գիտելիքները։ Տարիների ընթացքում ինձ համար պարզել եմ մի ճշմարտություն՝ ուսուցիչն ու աշակերտը պետք է իրար հասկանան աչքերով։ Իսկ հասարակության մեջ ուսուցիչն իր ազնիվ պահվածքով պետք է օրինակ ծառայի իր սաներին»,-ասել է Գ. Նարիմանյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Նրա խոսքով՝ այս ծանր ժամանակահատվածում կրկնակի դժվար է բնակավայրը, հարազատ կրթօջախը կորցրած մանկավարժների համար։ Բայց նաև կրկնակի մեծ է պատասխանատվությունը՝ բոլոր տեսակի դժվարությունները հաղթահարելու միմյանց սատար կանգնելով:

«Այս ծանր ժամանակներում նաև մեզ է վստահված հայրենիքի փրկության կարևոր առաքելությունը՝ կրթելով ու դաստիարակելով վաղը երկրի սահմաններն անառիկ պահող քաջարի մարտիկներին։ Ուրեմն, պետք է լինենք հայրենասեր, ազգապաշտ, որպեսզի հենց այդ նույն ոգով դաստիարակենք նրանց»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

  • Կիսվել: