չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մենք վստահաբար Արցախի կողքին ենք և լուսավոր ապագայի տեսլականով շարունակում ենք ապրել. ակադեմիկոս

Մենք վստահաբար Արցախի կողքին ենք և լուսավոր ապագայի տեսլականով շարունակում ենք ապրել. ակադեմիկոս

30 տարի է , ինչ Արցախն ու Հայաստանն անկախ են, և մեր պետականությունը 5֊հազարամյա հարատև շարժման մեջ է:

Այս մասին «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ ընդգծելով հենց ՀՀ հռչակման 30-ամյակին Արցախում գտնվելու խորհրդանշականությունը։
 
«Հայոց պետականության 5֊հազարամյա շղթայի մեջ Արցախն իր ծանրակշիռ տեղն ու դերն ունի: Շատ խորհրդանշական է նաև, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հայոց պետականության դրոշակակիրներից մեկը՝ Արցախն առաջինն էր, որ բռնեց անկախության ճանապարհը, իսկ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետությունը: Ինձ համար շատ ուրախալի է, որ այդ անկախության ճանապարհը առաջինը բռնեց Արցախը և ՀՀ-ն ընդօրինակեց նրան: Կարծում եմ՝ բոլորս պետք է լավ հասկանանք, որ այսօր, երբ մեր ինքնիշխանությունը բավականաչափ նվաղած է, Արցախի և Հայաստանի պետական անկախությունը մեզ համար բարձրագույն արժեք է, որի համար մենք ամեն ինչ պետք է անենք: Որպես պատմաբան՝ հավաստիացնում եմ, որ այս ամենը ժամանակավոր է, և մենք նորից կկարողանանք վեր հառնել մոխիրների միջից՝ որպես փյունիկ: Մեր ժողովրդին հորդորում եմ հենց այսօր լինել Արցախի կողքին, որը համայն հայության հպարտությունն է: Մենք, վստահաբար, Արցախի կողքին ենք և լուսավոր ապագայի տեսլականով շարունակում ենք ապրել»,֊ նշեց Ա. Մելքոնյանը:

  • Կիսվել: