շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք առաջվա պես մեր միջազգային ճանաչման համար պայքարող կայացած անկախ պետություն ենք. Դավիթ Բաբայան

Մենք առաջվա պես մեր միջազգային ճանաչման համար պայքարող կայացած անկախ պետություն ենք. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հարցազրույց է տվել Ջավադ ալ Բայդանիին՝ արաբական Аlmothaqaf.com տեղեկատվական-վերլուծական կայքի համար:

- Ի՞նչ կարգավիճակ ունի հետպատերազմյան Ղարաբաղը, և ինչպիսի՞ կարգավիճակի ամրապնդմանն են ուղղված լինելու ԼՂՀ իշխանությունների ջանքերը:

- Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների կողմից սանձազերծված Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Ղարաբաղի կարգավիճակը էապես չի փոխվել:

 

Ագրեսիայի նպատակն Արցախի Հանրապետության, նրա ժողովրդի և պետականության ամբողջական ոչնչացումն էր: Սակայն այս դաշինքի հանցավոր ծրագրերը չիրականացան: Չնայած մարդկային, նյութական և տարածքային մեծ կորուստներին՝ Արցախի Հանրապետությունը պահպանեց իր անկախությունն ու պետականությունը: Մենք առաջվա պես մեր միջազգային ճանաչման համար պայքարող կայացած անկախ պետություն ենք։

- Ի՞նչ կարգավիճակ ունեն ռուս խաղաղապահները Ղարաբաղում՝ նրանք անմիջական շփում ունե՞ն ԼՂՀ իշխանությունների հետ, թե՞ գործում են Հայաստանի կամ Ադրբեջանի իշխանությունների միջոցով։

- Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Արցախում տեղակայվեցին ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք տարածաշրջանում կայունության և խաղաղության, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորներից մեկն են: Մենք բարձր ենք գնահատում նրանց այս դերը, ինչպես նաև ռուս խաղաղապահների ներդրումը մեր երկրի վերակառուցման և հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացում: Մենք անմիջական, բավականին սերտ և եղբայրական հարաբերություններ ունենք ռուս խաղաղապահների հետ:

- ԼՂՀ-ն պատերազմից հետո պահպանո՞ւմ է այլ երկրների հետ հարաբերությունները։

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բավական լայն կապեր ունի բազմաթիվ երկրների հետ: Պետական ​​մակարդակով մեզ ճանաչել են Աբխազիան, Մերձդնեստրը, Հարավային Օսիայի և Ամերիկայի ու Ավստրալիայի մի շարք նահանգներ, Ամերիկայի և Եվրոպայի քաղաքներ ու քաղաքապետարաններ: Տարբեր երկրների հետ  փոխհարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը նպաստում է նաև հայկական սփյուռքը, որը մեր երկիրը այլ պետությունների հետ կապող ինքնատիպ կամուրջ է։ Արցախի Հանրապետությունն նաև ունի ներկայացուցչություններ արտերկրում:

- Ինչպե՞ս եք գնահատում արաբական երկրների հետ հարաբերությունների հաստատման հեռանկարները՝ հաշվի առնելով, որ արաբական մի շարք երկրների՝ Թուրքիայի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով արաբական մի շարք երկրների հետ Թուրքիայի ոչ այդքան լավ հարաբերությունները։

- Մեզ համար արաբական աշխարհը հատուկ կարևորություն ունի: Արաբների և արաբական քաղաքակրթության հետ մեր փոխհարաբերությունները դարերի պատմություն ունեն: Նշեմ, որ ժամանակին Արցախը առանցքային դեր է խաղացել իսլամի պատմության մեջ: 9-րդ դարում հենց Արցախն է չեզոքացրել իսլամի առջև երբևէ կանգնած ամենամեծ սպառնալիքներից մեկը` Բաբեկի ապստամբությունը (826-837): Այդ ընդվզման հաջողության պարագայում իսլամական քաղաքակրթությունը այսօր գուցեև չլիներ։

Ինչ վերաբերում է նորագույն պատմությանը, ապա մենք բոլորս շատ լավ հիշում ենք թուրքերի կողմից 1915-1923 թվականներին իրականացրած հրեշավոր ցեղասպանության ժամանակ արաբ ժողովուրդների կողմից հայերին մեկնած օգնության ձեռքը:

Տասնյակ հազարավոր հայեր իրենց երկրորդ հայրենիքը գտան արաբական այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Եգիպտոսը և այլն: Այս երկրները հնարավորություն տվեցին մեր հայրենակիցներին իրենց զգալ անվտանգ և ամբողջությամբ ինքնադրսևորվել: Մենք անչափ երախտապարտ ենք արաբներին այս ամենի համար:

Արաբական երկրների հայ համայնքներն այսօր երկու ժողովուրդների և պետությունների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների հաստատմանը ակտիվորեն նպաստող մեր սփյուռքի ամենակազմակերպված հատվածներից են։ Այստեղ կան մեծ հնարավորություններ և աշխատանքի լայն շրջանակ:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այս երկիրն ապակառուցողական, քայքայիչ  աշխատանքներ է տանում ամենատարբեր տարածաշրջաններում, հատկապես իր սահմանների երկայնքով, և դա սպառնալիք է ոչ միայն արաբական երկրների համար:

Իր գործողություններով, արմատական ​​և ահաբեկչական խմբավորումներին ակտիվ աջակցությամբ՝ Թուրքիան սպառնալիք է ողջ իսլամի համար, քանի որ ներսից խարխլում է համաշխարհային այս մեծ կրոնը:

Վստահ եմ, որ արաբական աշխարհն էլ է սա հասկանում:

  • Կիսվել: