երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մենք ամուր կառչած ենք մեր հողից. Արցախում լայնածավալ բնակարանաշինություն է ընթանում

Մենք ամուր կառչած ենք մեր հողից. Արցախում լայնածավալ բնակարանաշինություն է ընթանում

44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու նպատակով Արցախի տարբեր շրջաններում նոր թաղամասեր են կառուցվում:

։ Ինչպես օրերս հայտարարել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, երեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը արդեն իսկ սկսվել է, իսկ ընդհանուր ծրագրով նախատեսված է յոթ հազար տուն կառուցել և ամեն ինչ անելու են, որպեսզի Արցախում ապրող յուրաքանչյուր ընտանիք սեփական տունն ունենա:
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Արամ Գասպարյանը հայտնեց, որ ներկայումս նոր թաղամասեր են կառուցվում Իվանյանում, Հովսեփավանում, Աստղաշենում, Նորագյուղում, Խնածախում, Այգեստանում, Դահրավում, Կարմիր Շուկայում, Մարտունիում, որոնց մի մասը շահագործման կհանձնվի 2022 թվականի վերջին, իսկ մնացածը՝2023 թվականին: Որոշում է կայացվել նոր թաղամասերը կառուցել համայնքներին կից, որպեսզի ավելի հեշտ լինի լուծել ենթակառուցվածքների և աշխատատեղերի հետ կապված խնդիրները։ Բնակարանաշինության ծրագրերը իրականացվում են Արցախի պետական բյուջեի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, բարեգործական կազմակերպությունների և մասնավոր ընկերությունների միջոցներով:
 
 
Արամ Գասպարյանը ներկայացրեց  նոր կառուցվող թաղամասերից մեկը՝ Իվանյան համայնքի տարածքում
«Այստեղ կառուցվում է 3 հարկանի 15 բնակելի շենք, ընդհանուր` 70 բնակարան բոլոր անհրաժեշտ պայմաններով: Շենքերի արժեքը կազմում է մոտ 4.5 միլիարդ դրամ, բայց այդ գումարի մեջ ընդգրկված չեն բարեկարգման աշխատանքները, կոյուղագծերի, ջրագծերի, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցումը: Թաղամասը կառուցվում է 8 շինարարական ընկերության կողմից, իսկ աշխատուժը և՛ Արցախից է, և՛ Հայաստանից: Շենքերը կունենան նկուղային հարկեր, որոնք անհրաժեշտության դեպքում կծառայեն նաև որպես ապաստարաններ»,- ասաց Գասպարյանը
Իվանյանի համայնքի տարածքում կառուցվում են նաև երկուսից չորս սենյականոց 107 առանձնատուն։
 
«Յուրաքանչյուր առանձնատուն ունենալու է 1200 մ2 հողատարածք, որպեսզի բնակիչները հնարավորություն ունենան այգեգործությամբ զբաղվել։ Առանձնատները հիմնականում բնակեցվելու են Ուղտասարի (Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքը օկուպացվել է Ադրբեջանի կողմից- խմբ․) բնակիչներով։ 107 առանձնատներից 86-ը կառուցվում է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի, 21-ը Արցախի պետբյուջեի միջոցներով»,- նշեց Գասպարյանը։
 
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալը ընդգծեց՝ բնակարանաշինության ծրագրերի իրականացումը շարունակական է լինելու։
 
«Ասկերանի շրջանի համայնքներում (օրինակ՝ Խաչմաչում), Մարտակերտի շրջանի համայնքներում առաջիկայում կսկսվի նոր թաղամասերի կառուցումը։ Այսինքն՝ բնակարանաշինության ծրագրերը շարունակական են լինելու, մշակելու ենք նախագծերը և գումարի առկայության դեպքում սկսելու ենք նոր թաղամասերի կառուցումը»,- ընդգծեց Գասպարյանը։
 
«Քարավան» շինարարական ընկերության ներկայացուցիչ, աշխղեկ Մուրադ Շահբազյանը նշեց, որ շինարարները 400-700  հազար դրամ աշխատավարձ են ստանում։
 
«Արցախում մեկ տարի է, ինչ շինարարական աշխատանքներ ենք իրականացնում: Մենք որակով, արագ ենք կարողանում կյանքի կոչել նախագծերը։ Շինարարների համար բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծել ենք»,- հավելեց Շահբազյանը։
 
Ասկերան շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի խոսքով՝ Ասկերանի շրջանի համայնքների մեծ մասում նոր թաղամասեր են կառուցվում:
«Բնակարանները կտրամադրվեն առաջին հերթին տեղահանվածներին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամներին: Անկախ նրանից, թե ինչպիսի ընթացք կունենան Արցախի շուրջ գործընթացները, մենք ամուր կառչած են մեր հողին և չենք պատրաստվում որևէ տեղ գնալ, իսկ բնակարանաշինությունը հենց այդ նախադրյալներից մեկն է: Մենք գնալու տեղ չունենք և մենք պայքարելու ենք մինչև վերջ, մինչև մեր նպատակներին հասնելը»,- շեշտեց Ապրեսյանը։
 
Ասկերան շրջանի վարչակազմի ղեկավարը այսօր չի պատկերացնում, թե ինչպես է հնարավոր Ադրբեջանի հետ խաղաղության հասնել։
 
«Մենք երբեք չենք համակերպվի այն մտքի հետ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Դա բացառվում է: Մեր դիրքորոշումը հստակ է և այն սակարկության ենթակա չէ։ Քանի դեռ Ադրբեջանը բարձր մակարդակով վարում է հայատյացության քաղաքականություն, ինչպե՞ս կարող ես այդ պետության հետ բարեկամություն անել և խաղաղ ապրել, եթե նա քեզ փորձում է անընդհատ ոչնչացնել։ Քարագլխի վերջին դեպքերը ապացուցեցին, որ մեր բնակչությունը չի պատրաստվում լքել Արցախը: Բոլորս միասնական,միահամուռ ուժերով, առանց հաշվի առնելու սոցիալական խնդիրները, գնացինք առաջնագիծ: Մենք գնալու այլ տեղ չունենք»,- ընդգծեց Ապրեսյանը։
 
Ստեփանակերտի բնակիչ, 70-ամյա Ռոմա Առաքելյանը երկար տարիներ աշխատում է շինարարության ոլորտում։ Նա ամբողջ կյանքը ապրել է և ապրում է Արցախում ու հայրենի հողից այն կողմ չի պատկերացնում իր կյանքը։
«70 տարեկան մարդ եմ՝ Ղարաբաղում ապրել եմ, Ղարաբաղում էլ կմահանամ: Իմ ընտանիքն էլ, բոլորը՝ երկու որդիներս, աղջիկս, թոռնիկներս մնացել են Արցախում»,- ասաց Առաքելյանը։
Ստեփանակերտի բնակիչ Գագիկ Ադամյանը 12 տարի է՝ կռունկավար է աշխատում, նա մասնակցել է և՛ ապրիլյան քառօրյա պատերազմին, և՛ 44-օրյա պատերազմին։
 
«Հայրս էլ է կռունկավար, այդ հմտությունը փոխանցվել է ինձ: Ստեփանակերտում ծնվել եմ, Ստեփանակերտում ընտանիք եմ ստեղծել, տուն եմ կառուցում, ծառ եմ տնկել և այստեղ էլ ապրելու եմ մինչև գա իմ կյանքի վերջը: Մեր հայրենիքը, մեր տունը, մեր տնկած ծառը այստեղ է: Երկու պատերազմին մասնակցել եմ՝ 2016 թվականին եղել եմ Մատաղիսում, 44-օրյա պատերազմի ժամանակ էլ Ջրականում, Դ-30-ի հրետանավոր եմ, հիմա պահեստազորում եմ, ցանկացած պահի պատրաստ եմ կռվելու»,- ընդգծեց Ադամյանը։
Սիրիահայ Պողոս Տեր-Ներսեսյանը Սիրիայում պատերազմի ժամանակ տեղափոխվել է Արցախի Կովսական բնակավայր, որը 44-օրյա պատերազմի ժամանակ բռնազավթեց Ադրբեջանը։ Պողոս Տեր-Ներսեսյանը ընտանիքի հետ ստիպված եղավ տեղափոխվել Ասկերանի շրջանի Պատարա համայնք։
 
«Ինձ Սիրիայից այստեղ բերեց հայրենասիրությունը: Արդեն երրորդ պատերազմն եմ տեսնում, կարծես այն ինձ հետապնդի։ Զանգելանում (Կովսական – խմբ․) կյանքը մինչև պատերազմ շատ լավ էր՝ վարում էի, ցանում էի, աշխատում էի, խաղաղ ապրում էինք․․․
 
Մենք պատրաստ չենք Ադրբեջանի հետ ապրել, մենք չենք կարող իրենց հետ ապրել, Արցախն էլ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Կարծում եք, մենք կթողնե՞նք: Այստեղ իմ հայրենիքն է, պապենական հողերն են, ի՞նչ անեմ, որ Սիրիայում եմ ծնվել, այստեղ մեր ազգի արյունն է թափվել: Մենք ծնվել ենք Արցախը ոտքի կանգնեցնելու համար, միասին ապրելու և զարգացնելու, ինչպե՞ս լքեմ ես այս հողը»,- եզրափակեց Տեր-Ներսեյանը։

  • Կիսվել: