երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Ուկրաինան հայտարարել է ՌԴ ԱԴԾ նավ խորտակելու մասին․ կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինան հայտարարել է ՌԴ ԱԴԾ նավ խորտակելու մասին․ կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ խորտակել են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ պարեկային «Իզումրուդ» նավը. կան զոհեր և վիրավորներ, տեղեկացնում է Current time-ը։

Նշվում է, որ, ըստ ուկրաինական զինվորականների, այն Նովոռոսիյսկի մոտակայքում ենթարկվել է «Sargan-3000» անօդաչուի հարձակմանը։

Ռուսաստանին հարվածների մասին հայտարարության մեջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիշատակել է  Գելենջիկում հարձակման ենթարկված պարեկային նավի մասին, սակայն չի նշել դրա անունը։

Աղբյուրը հայտնում է, որ «Իզումրուդը» երկրորդ կարգի «Օխոտնիկ» նախագծի 22460 դասի նավ է, որը ջուրն է իջեցվել 2014 թվականին: Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ այս նավը մասնակցել է 2018 թվականի նոյեմբերին Կերչի նեղուցում ուկրաինական նավերի վրա հարձակմանը։

Նշենք, որ Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել նավի խորտակման մասին տեղեկությունները։

Գելենջիկում, ըստ Զելենսկիի, Ուկրաինայի ռազմածովային ուժերը հարձակվել են նաև Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավերի վրա։ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի ղեկավար Ռոբերտ Բրովդին հայտարարել էր, որ հուլիսի լույս 14-ի գիշերը հարվածել են հինգ լցանավերի, հինգ բեռնատար նավի և մեկ քարշակի։ Ընդհանուր առմամբ, նրա պնդմամբ, ինը օրվա ընթացքում հարված է հասցվել 116 նավի։

  • Կիսվել: