ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը». Արցախցի կանայք` օրվա խորհրդի մասին

«Մայրերի ափերի մեջ պետք է փնտրել ազգի ճակատագիրը». Արցախցի կանայք` օրվա խորհրդի մասին

Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.-ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում` որպես մայրության ու գեղեցկության օր։

Իսկ թե ինչ խորհուրդ ունի տոնն Արցախում ապրող, իրենց աշխատանքային գործունեությամբ երկրի շենացմանն ու բարգավաճմանը նպաստող կանանց համար, «Արցախպրես»-ի թղթակիցը փորձել է պարզել` զրուցելով նրանց հետ:

ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, Ասկերանի Է. Բարսեղյանի անվան դպրոցի ուսմասվար Աիդա Գյանջումյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ապրիլի 7-ը իր համար հայ կնոջը ևս մեկ անգամ մեծարելու առիթ է։ Հայ կինը դարեր ի վեր ծնել է հերոս որդիներ, որոնք ամեն վայրկյան պատրաստ էին իրենց կյանքը զոհելու հանուն հայրենիքի փրկության:

Բնութագրությունը հասանալի չէ
«Այսօրվա հասարակության մեջ հայ կինն ունի իր ուրույն դերը, որովհետև այսօր նա տղամարդուն հավասար աշխատում է, ապահովում ընտանիքի բարեկեցիկ ապագան: Մոր կերպարը վեհ է ամեն ինչից, որովետև նա է ծնում առյուծ տղաներ և նրա արգանդում է, որ ձևավորվում է ապագա սերնդի հրաշագեղ պտուղը: Մեր հայ աղջիկները շատ մեծ առաքելություն ունեն. յուրաքանչյուրը պետք է ծնի տասը հրաշամանուկ: Մենք պետք է աճենք, զարգանանք, հզորանանք, մեր տղաների թափած արյունը պետք է իզուր չկորցնենք: Պետք է շատանանք, և կունենանք մեր ու մեր զավակների երազած երկիրը: Աշխարհում կատարվող բոլոր չարիքները սիրո պակասից են: Դրա համար սիրենք միմյանց, սիրենք մեր հայրենիքը, ընտանիքը, երեխաներին, լինենք հանդուրժող, բարյացակամ, յուրաքանչյուրի մեջ գտնենք լավը և, հենվելով այդ լավի վրա, առաջ շարժվենք: Շնորհավոր բոլոր հայ անանց տոնը, լինենք խաղաղության մեջ»,-նշել է Ա. Գյանջումյանը:

Արցախի պետական համալսարանի դասախոս, բ.գ. թ., դոցենտ Զարինե Սառաջյանը վստահեցնում է՝ հայ կինը սովոր է ապրել անանձնական կյանքով, հայ կնոջ կյանքը, գնահատված լինելը, երջանկությունը պայմանավորված են իր ընտանիքի, հարազատների, սիրելիների երջանկությամբ։

Բնութագրությունը հասանալի չէ

«Ապրիլի 7-ը՝ որպես մայրության և գեղեցկության օր, քրիստոնեական ծագում ունի՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրն է և, իմ կարծիքով, գլխավոր խորհուրդը հենց դրանում է․ հայ մայրը նույնանում է Մարիամ Աստվածածնի հետ՝ իրեն բաժին հասած պատմական ճակատագրով, իր ամենաթանկը հանուն հայրենյաց ի սպաս դնելով։

Մարիամ Աստվածածինը իր միածին որդուն չխնայեց հանուն մարդկության փրկության, իսկ հայ մայրը դարեր շարունակ, իր որդուն, իր լույսը տալիս է հանուն հայրենիքի ու հարազատ ժողովրդի փրկության․ ուզում եմ , առիթն օգտագործելով, ևս մեկ անգամ իմ խոնարհումը բերել մեր որդեկորույս մայրերին և ուժ ու կորով մաղթել նրանց։ Նրանք իրենց լույսը տվեցին, որ հայրենիքի լույսը միշտ վառ պահեն ապրողները․ սա պարտավորեցնող է:

Եթե իմ երեխան երջանիկ է, ապա, անտարակույս, դա իմ երջանկությունն է։ Յուրաքանչյուր կին, անկախ ազգային պատկանելությունից, գնահատված լինելու իր չափանիշն ունի, իսկ հայ կնոջ, ընդհանրական առումով, գնահատված լինելու վկայություն կարելի է համարել այն հանգամանքը, որ մեր երկրում օրենսդիր, գործադիր մարմիններում, կառավարման բազմաթիվ օղակներում պատասխանատու պաշտոններում աշխատում են կանայք․ սա, կարելի է ասել, կնոջ հանդեպ վստահության, հարգանքի և գնահատանքի խոսուն փաստ է։ Այսօր մեծ է կնոջ դերը հասարակության համար։ Հայ կինը ներող, արդարամիտ, հոգատար մայր է, բանիմաց մասնագետ է, հմուտ արհեստավոր է, գործարար, հարկ եղած դեպքում՝ նաև զենքը ձեռքին պայքարող մարտիկ։ Իր այդ հատկանիշներով հայ կինն ամենուր է և որտեղ էլ նա լինում է, ոլորտն իր շարժումը դեպի առաջընթաց ապահովում է։ Ուրեմն էլ ավելի պետք է վստահել և տեղ տալ կնոջը»,-ընդհանրացրել նա։

Մեր զրուցակիցն իր հերթին շնորհավորել է բոլոր հայ կանանց՝ մաղթելով խաղաղ ու արժանապատիվ օրեր։ Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի տնօրեն Լենա Ավանեսյանի համոզմամբ՝ հայ կնոջ ջանքերի շնորհիվ է կայուն մնում հայ ընտանիքը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Եթե մենք անդրադառնանք հայ իրականությանը և խոսենք հայ ժողովրդի, հայոց պատմության մեջ հայ կնոջ դերի մասին, ապա կարող ենք փաստել, որ դեռևս մեր պատմության հնագույն շրջանում կինը տղամարդու հետ ունեցել է հավասար իրավունքներ, և կիսել է նրա հետ ընտանիքում և հասարակության մեջ բոլոր խնդիրների լուծման ծանրությունը: Մեր պատմության մեջ քիչ չեն կանանց կողմից ցուցաբերված հերոսական դրվագները, երբ նա տղամադրու հետ միասին զենք է վերցրել և պայքարել ազգի համար ամենաճակատագրական պահերին: Ես գլուխ եմ խոնարհում բոլոր այն կանանց առջև, ովքեր մեր ազգին տվեցին հերոսներ, քանի որ նրանք դաստիարակեցին այնպիսի սերունդ, որը չխնայեց ամենաթանկը՝ կյանքը՝ մեր անվտանգությունը, գոյատևումն ապահովելու համար: Գարեգին Նժդեհն է ասել. «Մայրերի ափերի մեջ պետք է փնտրենք ազգի ճակատագիրը»»,-մասնավորապես ասել է մեր զրուցակիցը:

Լ. Ավանեսյանը տոնի առթիվ ի սրտե շնորհավորել է հայ կանանց՝ բարեմաղթելով ուժ, հաստատակամություն, կամքի ամրություն, որպեսզի թև ու թիկունք լինեն հայ տղամարդկանց ու որդիներին:

Բնութագրությունը հասանալի չէԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի դպրոցի ուսուցչուհի Մարիետտա Շահնազարյանի խոսքով` այսօր հայ կինը հասարակության մեջ պետք է ամենաակտիվը լինի, որովհետեւ նրա դաստիարակած սերնդից է կախված ազգի ճակատագիրը։
 
«Հայ տղամարդուն դիմացկուն դարձնել կարող է միայն հայ կինը նա։ Իսկ այսօր բոլորիս ուշադրության կենտրոնում պետք է լինեն որդեկորույս մայրերը։ Ես ուրախ եմ, որ հայ կանայք չեն կոտրվել, նրանք շարունակում են որդիներ պարգեւել ազգին»,- նշել է մեր զրուցակիցը։

 

 
Поделиться
    

  • Կիսվել: