ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Որ ասում եք՝ Արցախ, դու՛ք ճանաչեիք. Միրզոյանը՝ Խաչատրյանին

Որ ասում եք՝ Արցախ, դու՛ք ճանաչեիք. Միրզոյանը՝ Խաչատրյանին

Չեմ կարծում, որ Ձեզ համար գաղտնիք է՝ խաղաղության պայմանագիր կնքում են թշնամու հետ: Չի կարելի ժխտել, որ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումն իսկապես շոշափելի ձեռքբերում է: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այս մասին ով խոսի, խոսի, գոնե դուք պետք է չխոսեք: Դուք ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որը 1918-20 թվականներին ինչքան հնարավոր էր վատ պայմանագրեր կնքեց: Դուք չունեք փաստարկ և խոսելու տեղ, եկեք չկռվենք: Հպարտ դեմքով ասում եք Արցախ, բայց կարող եք ասել՝ կա՞ր Արցախի Հանրապետություն, դուք երբ իշխանության էիք, կա՞ր ճանաչված Արցախ, պատասխանն ակնհայտ է՝ ոչ: Սա սովորական, քարոզչական այն հնարքներից է, հայրենասիրականի անվան տակ սիրուն փաթեթներից, որի տակ դուք լրիվ ուրիշ բաներ եք վաճառել ՀՀ ժողովրդին: Որ ասում եք՝ Արցախ, դու՛ք ճանաչեիք: Դուք անվերջ ձգել եք ստատուս քվոն՝ քաջ իմանալով, որ դա մի օր պայթելու է ժողովրդի գլխին: Ցավոք սրտի և՛ հայ ժողովուրդը, և՛ ես չենք ունեցել բավարար քաղաքական հասունություն՝ ժամանակին ճիշտ կողմնորոշվելու ու գլխի ընկնելու և գնալու լուծումների»:

Խոսելով խաղաղության պայմանագրի վերջին երկու հոդվածի շուրջ ձեռք բերված համաձայնությանը՝ Միրզոյանն ասաց. «Եկավ մի պահ, երբ մենք մտածեցինք, որ հետագա բանակցությունները մնացած քննարկվող ձևակերպումների շուրջ քիչ հավանական են, որ կտան ցանկալի արդյունքներ և կստացվի մի իրավիճակ, որ հետագա քննարկումները հարցականի տակ կդնեն արդեն իսկ համաձայնեցված շատ էական ձևակերպումները»:

  • Կիսվել: