հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մարտակերտում վերականգնվել է որոշ ենթակառուցվածքների աշխատանքը

Մարտակերտում վերականգնվել է որոշ ենթակառուցվածքների աշխատանքը

Ադրբեջանի զինուժը հոկտեմբերի 19-ի առավոտյան կրկին թիրախավորել է Արցախի Մարտակերտ քաղաքը ու հարակից խաղաղ բնակավայրերը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացնելով տեղում տիրող իրավիճակը՝ Մարտակերտից լրագրող Լուսինե Զաքարյանը տեղեկացրեց, որ շրջկենտրոնում հաջողվել է վերականգնել որոշ ենթակառուցվածքների աշխատանքը:
«Այսօր առավոտվանից հակառակորդը կրկին թիրախավորել է Մարտակերտ քաղաքը և հարակից բնակավայրերը` համեմատաբար ոչ ինտենսիվ ձևով՝ հրթիռակոծելով բնակելի շենքեր, տներ, հասարակական օբյեկտներ, ճանապարհներ»,- ասաց Զաքարյանը:
 
Նա հայտնեց,որ այս պահի դրությամբ հարաբերական հանգիստ է:
«Նշեմ, որ քաղաքում այս պահին կա հոսանք, սակայն գազ դեռ չկա: Բնակչությունը ապահովված է սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով: Բնակչությունն ապրում է առանց ընկճվածության, ամենքը ձգտում են ինչով կարող են օգտակար լինել մարտիկներին»,-նշեց  Զաքարյանը:
Լրագրողը հավելեց նաև, որ տների վնասվածքները այդքան շատ չեն , քաղաքապետը պետք է շրջայց կատարի և ճշտի վնասի չափերը:

  • Կիսվել: