շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մարտակերտում խմելու ջրի խնդիր կա. քաղաքապետ

Մարտակերտում խմելու ջրի խնդիր կա. քաղաքապետ

Վերանորոգվում է Մարտակերտ քաղաքի հանդիսությունների սրահը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը: Նրա խոսքով՝ հանդիսությունների սրահը հիմնովին ավերվել է պատերազմի ժամանակ. շինաշխատանքները ընթացքի մեջ են:

Մասնակիորեն վնասներ են կրել մի շարք բնակելի տներ, քաղաքապետարանի և հիվանդանոցի շենքերը,որոնց վերանորոգման աշխատանքները դեռ չեն մեկնարկել։ Մինչ պատերազմը քաղաքում ապրում էր 4500 մարդ:

Պատերազմական գործողություններից հետո մի շարք ընտանիքներ տեղափոխվել են քաղաքից և բնակչության թիվը կրճատվել է՝ դառնալով 3831, սակայն շուրջ 297 ընտանիք վերաբնակեցվել է քաղաքում՝ 1124 հոգով: «2020 թվականի դեկտեմբերի 1-ից արդեն վերաբացվել են քաղաքի երկու դպրոցները. առաջին դպրոցում սովորում է 601 աշակերտ, իսկ երկրորդ դպրոցում՝ 248: Մանկապարտեզները ևս վերաբացվել են դեկտեմբերի 1-ից. առաջին մանկապարտեզ հաճախում է 140 երեխա, իսկ երկրորդ մանկապարտեզ՝ 63:

Քաղաքը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Արդեն երկու շաբաթ է, ինչ խմելու ջրի խնդիր ունենք. խմելու ջուրը բերում ենք գյուղերից»,- տեղեկացրել է քաղաքապետը: Խոսելով բնակչության զբաղվածության մասին՝ Մ. Գյուրջյանը նշել է, որ հիմնական ուղղությունը հողագործությունն է, բնակչության շատ քիչ մասն էլ զբաղվում է անասնապահությամբ:

  • Կիսվել: