Մարտակերտում այս պահին իրավիճակը հանգիստ է
Արցախի Մարտակերտ քաղաքում այս պահին իրավիճակը հանգիստ է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Մարտակերտում բնակվող լրագրող Լուսինե Զաքարյանը՝ նշելով, որ հակառակորդը մեկ ժամ շարունակ ռմբակոծել է քաղաքը:
«Այս պահին իրավիճակը հանգիստ է։ Հակառակորդի ռմբակոծության հետևանքով նյութական վնասները շատ են, դեռ ճշտման փուլում են»,- ասաց Զաքարյանը։
Նրա խոսքով՝ այս պահին և լույս, և ջուր կա, միայն գազն է անջատված անվտանգության նկատառումներից ելնելով։
« Հակառակորդի ռմբակոծության հետևանքով, բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան»,- նշեց Զաքարյանը։
Հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի զինուժը կրկին թիրախավորել էր Մարտակերտ քաղաքը, օգտագործելով ռազմական ավիացիան։