ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարտակերտի խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության ուղիղ հետևանքն է. ՀՀ ՄԻՊ

Մարտակերտի խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության ուղիղ հետևանքն է. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մարտակերտում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից 55-ամյա քաղաքացու սպանության դեպքին:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Այսօր Արցախի Մարտակերտ քաղաքի 55-ամյա խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետևանքն է:

Խաղաղ բնակիչ Արամ Տեփնանցը սպանվել է դիպուկահարի կրակոցից նռան այգում աշխատանք կատարելիս: Այս տեղեկությունը հաստատել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքը՝ Արցախի հայ խաղաղ բնակչի սպանությունը, նրա կյանքի իրավունքի բացահայտ դիտավորությամբ անօրինական խախտում է:

Այս ողբերգական միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ բնակչության կյանքի, անվտանգության ու խաղաղ ապրելու, մյուս կենսական իրավունքների երաշխավորում անհնար է ատելության և թշնամանքի ադրբեջանական խորքային քաղաքականության պայմաններում և նաև քանի դեռ նման հանցավոր արարքների համար պատժված չեն դրանք կատարողներն ու հայատյացությունը հովանավորող ադրբեջանական իշխանությունները՛՛:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցը։
Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:

Արցախում դիպուկահարի կրակոցից տղամարդու սպանության փաստով քրգործ է հարուցվել:

 

  • Կիսվել: