շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մարդասիրական հասանելիությունը միջազգային կազմակերպությունների համար պետք է անխոչընդոտ լինի. ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ

Մարդասիրական հասանելիությունը միջազգային կազմակերպությունների համար պետք է անխոչընդոտ լինի. ՄԱԿ-ում Ճապոնիայի ներկայացուցիչ

Տեղում մարդկանց ապրուստը, կյանքը երաշխավորելը պետք է առաջնահերթ լինի ամենախոցելիների, հատկապես քրոնիկ հիվանդների, տարեցների, կանանց և երեխաների համար. նրանց կյանքը չպետք է սպառնալիքի ներքո լինի։ Այդ մասին Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցիչ Կիմիհիրո Իշիկանեն։

«Մենք ի գիտություն ենք ընդունում, որ գլխավոր քարտուղարը կոչ է արել վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով և հաշվի առնել, որ պետք է շտկել մարդասիրական իրավիճակը տեղում։ ԿԽՄԿ-ը ներկայումս դժվարություններ ունի մարդասիրական օգնությունը քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիով հասցնելու գործում։ Այն կոչ է անում որոշում կայացնողներին թույլ տալ, որպեսզի վերսկսի իր մարդասիրական գործունեությունը տարածքում։ Մարդասիրական հասանելիությունը միջազգային կազմակերպությունների համար պետք է անխոչընդոտ լինի. կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ ապահովել հասանելիություն»,- նշեց Ճապոնիայի ներկայացուցիչը։

Նա ավելացրեց, որ հակամարտության վերջնական հանգուցալուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ կարևոր է Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության համար։

«ԱԽ-ը, որի խնդիրը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումն է, պետք է հավատարիմ և հանձնառու լինի այս խնդրին։ Երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր է։ Մենք հույս ունենք, որ այն թույլ կտա վեճը լուծել խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասաց Կիմիհիրո Իշիկանեն։

 

  • Կիսվել: