ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄԱԿ-ի Երևանի գրասենյակի ղեկավարն ընդունել է ակցիայի մասնակիցներին

ՄԱԿ-ի Երևանի գրասենյակի ղեկավարն ընդունել է ակցիայի մասնակիցներին

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՄԱԿ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Շոմբի Շարփը կառույցի մուտքի մոտ ընդունել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանին և մի քանի արվեստագետների, ովքեր ևս մասնակցում էին ակցիային։

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Շոմբի Շարփը շուրջ քսան րոպե զրույց է ունեցել նրանց հետ, իր ձեռքը վերցրել սեպտեմբերի 28-ից մինչ այսօր տարբեր կազմակերպությունների և անհատների նամակների փաթեթը։

Լ. Հակոբյանի խոսքով՝ իրենք Շոմբի Շարփին են ներկայացրել ժողովրդի մտահոգություններն ադրբեջանաթուրքական կողմի սանձազերծած պատերազմի մասին՝ մանրամասնել ահաբեկիչների դերակատարության, արգելվող զենքերի կիրառության, խաղաղ բնակիչների սպանության, բնակավայրերի հրետակոծման, գերիների սպանության և այլ հարցեր։

"Մենք խնդրել ենք, որ ՄԱԿ-ի գրասենյակն իր գործառույթների շրջանակում էլ ավելի հետևողական և լուրջ աշխատանքներ իրականացնի,ինչին դրական են արձագանքել",- մասնավորապես ասել է Լ. Հակոբյանը։

Ըստ Լ. Հակոբյանի՝ ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարն իր խոսքում ավելացրել է նաև, որ խնդրի վերաբերյալ աշխատանքներ տարվում են, որոնց մասին չեն բարձրաձայնում։

Լսելով Շոմբի Շարփի տեսակետը՝ ակցիայի մասնակիցները ցրվել են այն պայմանով, որ եթե երկու օրվա ընթացքում լուրջ քայլեր չձեռնարկվեն գրասենյակի կողմից, կրկին բողոքի ցույց կկազմակերպեն՝ ժողովրդի պահանջները լսելի դարձնելու և ի կատար ածելու համար։

 

  • Կիսվել: