երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակ է, որը վերածվում է հումանիտար աղետի. Մհեր Մարգարյան

Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակ է, որը վերածվում է հումանիտար աղետի. Մհեր Մարգարյան

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը BBC Newshour ռադիոծրագրի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հայկական կողմը մի քանի ամիս է՝ զգուշացնում է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված տագնապալի իրավիճակի մասին, որը վերածվում է հումանիտար աղետի։

«Ութ ամիս է՝ Լեռնային Ղարաբաղում շրջափակված հազարավոր ընտանիքներ տառապում են առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդի, վառելիքի և դեղորայքի սուր պակասից: Կարծում ենք, որ հենց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, որ պետք է կատարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պատասխանատվությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում զանգվածային վայրագությունները»,- ասել է Մարգարյանը։

Դիվանագետը նշել է, որ Լաչինի միջանցքը վերաբացելու պահանջով հայկական կողմը դիմել է Ադրբեջանին և միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին, որը փետրվարին միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում ընդունեց, իսկ հուլիսին վերահաստատեց այն: Դրա համաձայն՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Ադրբեջանն այդ պահանջը մինչ օրս չի կատարել:

«Մեկ ամիս առաջ մենք դիմել ենք Անվտանգության խորհուրդ՝ խնդրելով հրատապ գործողություններ ձեռնարկել և արձագանքել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին և ապահովել Միջազգային դատարանի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների իրականացումը։ Մինչև հիմա ոչինչ չի արվել։ Այդ տարածք նույնիսկ Կարմիր խաչի մուտքն է սահմանափակված»,- ասել է Մհեր Մարգարյանը և հավելել.

«Հեղինակավոր մի շարք գիտնականներ, փորձագետներ ահազանգում են, որ Ադրբեջանը մտադիր է ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ: Միջազգային հանրությունը պարտավոր է կանխել նման հանցագործությունները»,- շեշտել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։

Մհեր Մարգարյանը նշել է՝ ստեղծված իրավիճակը կապ չունի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ, «մարդիկ են տառապում»: Նրա համոզմամբ՝ միջազգային հանրության միջամտությունն այսօր խիստ անհրաժեշտություն է՝ կանխելու զանգվածային վայրագությունները:

«Անվտանգության խորհրդի զինանոցում տարբեր գործիքներ կան։ Ամենաարդյունավետ տարբերակը կլինի այնպիսի բանաձևի ընդունումը, որը լիազորում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին գնահատման առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և բնակչությանն անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնել, ինչպես նաև ապահովել Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումների իրականացումը՝ բացելով Լաչինի միջանցքը։ Արդեն երկու շաբաթ է՝ մարդասիրական բեռներով շարասյունն արգելափակված է սահմանին»,- եզրափակել է դիվանագետը:

Բաքվից հերթական անգամ պնդել են, թե իբր Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ չկա, իսկ Ադրբեջանի գործողություններն իրավաչափ են: Գերատեսչությունը Հայաստանին մեղադրել է նաև Ադրբեջանի նկատմամբ ենթադրյալ տարածքային պահանջների համար՝ սպառնալով՝ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված օրինական բոլոր միջոցներով։

Մինչ այդ էլ Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանություն էր տարածել ՄԱԿ Անվտանգության խորհրդին Հայաստանի  դիմումի կապակցությամբ: Գերատեսչությունը մեղադրել է Երևանին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը խափանելու համար՝ նշելով, թե իբր հայկական կողմը փորձում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերածել քաղաքական, ռազմական և տեղեկատվական գործիքի։

Աղբյուրը՝ 1lurer.am:

  • Կիսվել: