կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Կորցրածը վերագտնելու հույսով... Մի կնոջ պատմություն

Կորցրածը վերագտնելու հույսով... Մի կնոջ պատմություն

Հադրութի շրջանի Ջրակուս համայնքից 2020թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքի մայրը` Նորա Վարդանյանը, ով նաև տան միակ աշխատող ձեռքն է, Արցախի շրջափակմամբ պայմանավորված, առանց աշխատանքի է մնացել։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցում տիկին  Նորան պատմեց, որ   ապրուստն ու ապագայի հետ կապված բոլոր հույսերը հայրենի գյուղում է թողել։
 
«Մինչև շրջափակումը Ստեփանակերտի մրգի ու  բանջարեղենի խանութներից մեկում  որպես վաճառողուհի էի աշխատում,  սակայն հասկանալի պատճառով խանութը փակվեց։ Չորս երեխաների մայր եմ։ Դուստրս ուսանողուհի է, որդիս նոր է վերադարձել ծառայությունից, մյուս երկուսն էլ  դպրոցականներ են։ Իսկ մինչև չարաբաստիկ պատերազմը մեր գյուղի դպրոցի օպերատորն էի»,-ներկայացրեց մեր զրուցակիցը։
 
Ն. Նավասարդյանի ամուսինը զոհվել է 2014թվականի հոկտեմբերին։ 
 
Նրա խոսքով` ընտանիքի միակ եկամուտը   ամուսնու զոհվելուց հետո տրամադրվող նպաստն է։
 
«Ստեփանակերտում ես ու երեխաներս վարձով ենք ապրում։ Պետական աջակցության ծրագրի շահառու եմ դարձել, և տան վարձն ու կոմունալ վճարները  համապատասխան պետական գերատեսչության կողմից են տրամադրվում, ինչը զգալիորեն թեթևացրել է մեր հոգսը»,-նշեց նա։
 
Բազմազավակ մայրն, այնուամենայնիվ, չի կորցնում հույսն ու հավատը ապագայի հանդեպ. համոզված է` ամեն ինչ իր հունով կընթանա, եթե հարատև խաղաղություն լինի։

  • Կիսվել: