Կկազմակերպվի ուխտագնացություն դեպի Աստղաշենի Սուրբ Գևորգ եկեղեցի
Սեպտեմբերի 25-ին՝ Ս. Գևորգ Զորավարի տոնին, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը կազմակերպում է ուխտագնացություն դեպի Աստղաշեն համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցի:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ՀԱԵ Արցախի թեմի քարտուղար Դավիթ Փաշայանը:
«Ս. թ. սեպտեմբերի 25-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է Սուրբ Գևորգ զորավարի տոնը: Տոնի կապակցությամբ ուխտի պատարագ կմատուցվի Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ ձեռամբ տեղի հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի և Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի (զորամասին կից) Սուրբ Գևորգ եկեղեցում՝ ձեռամբ Ասկերան քաղաքի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի: Չափազանց կարևոր է հատկապես այս շրջանում, որ հայ հավատավորը ևս մեկ անգամ առիթն ունենա իր ուխտը նորոգելու առ Աստված, ներանձնանալու, ներամփոփվելու, թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիների մարտահրավերներն ընդունելու և այդ պատերազմներից պատվով ու հաղթանակով դուրս գալու՝ Աստծո օգնությամբ և հիշատակվող Սրբի բարեխոսությամբ: Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից այդ օրը կմեկնենք ժամը 09:30-ին», - նշեց Դ. Փաշայանը և հավելեց, որ ուխտագնացությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել Ստեփանակերտի եկեղեցիներին կից մոմավաճառների կրպակներում: