ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կհանձնարարեմ արագ քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրեր-եղբայրների գործերը, որոնց աշխատանքի անցնելուն խոչընդոտում է քաղաքացիությունը. վարչապետ

Կհանձնարարեմ արագ քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրեր-եղբայրների գործերը, որոնց աշխատանքի անցնելուն խոչընդոտում է քաղաքացիությունը. վարչապետ

Արցախից բռնի տեղահանված եւ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընտանիքի հետ բնակություն հաստատած Նիժաննա Թամրազյանը տեսահարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնեց, որ ինքը, ունենալով իրավաբանի մասնագիտություն, դիմել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում աշխատելու համար, սակայն չունենալով ՀՀ քաղաքացիություն, այժմ կանգնած է խնդրի առաջ։

«Փորձաշրջանն անցնելուց հետո հանձնել եմ թղթերս, որպեսզի անցնեմ աշխատանքի, բայց խոչընդոտ է հանդիսացել ՀՀ քաղաքացիության բացակայությանը, դիմել եմ Անձնագրային բաժին, քանի որ այդ աշխատանքն ինձ համար կարեւոր էր, բայց ինձ պատասխանել են, որ գործընթացը տեւելու է 90 աշխատանքային օր եւ ավելի։ Ես պատրաստ եմ սպասել գործընթացի ավարտին, բայց այդ աշխատատեղը թափուր չի մնալու։ Կազմակերպեք այնպես, որ հանրային ծառայության պաշտոններում աշխատել ցանկացող արցախցիները մինչեւ քաղաքացիության ձեռքբերման գործընթացի ավարտը կարողանան աշխատել տվյալ պաշտոններում՝ ժամանակավոր պայմանագրային հիմունքներով, կամ թող գործընթացն իրականացվի սեղմ ժամկետներում»,- նշեց արցախցին։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ հարցով մինչեւ 90 օր կարգավորումն օրենքի կարգարավորումն է։

Փաշինյանի խոսքով՝ միշտ չէ, որ պետք է տեւի 90 օր, երբեմն նաեւ մինչեւ 90 օր է տեւում․ «Մենք քննարկում ենք ունեցել, ես հանձնարարական եմ տվել, որ մեր քույրեր-եղբայրների քաղաքացիության հարցի լուծումը տեղի ունենա հնարավորինս արագ: Մենք կարող ենք առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել այն բռնի տեղահանվածների համար, ովքեր արդեն իսկ դիմել են հանրային ծառայություններում պաշտոնների անցնելու համար, որովհետև մյուս դեպքերում քաղաքացիության անհրաժեշտություն չկա»:

Վարչապետը հույս հայտնեց, որ այդ տվյալները կկարողանան արագ հավաքագրել:

«Ես կհանձնարարեմ` այն քաղաքացիները, որ դիմել են hանրային ծառայություններում աշխատանքի անցնելու համար, և խոչընդոտը քաղաքացիությունն է, որ նրանց գործերն ավելի արագ քննարկվեն ու լուծվեն: Նաև հանձնարարում եմ, որ հանրային ծառայություններում աշխատանքի անցնելու համար դիմած մեր քույրերի ու եղբայրների գործերը, արդեն իսկ պայմանավորված արագությունից, արագ լուծում ստանան»,- ասաց նա:

  • Կիսվել: