ԵՄ-ը տասնյակ միլիարդավոր եվրո կուղղի պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ից կախվածությունը կրճատելուն
Եվրամիությունում պատրաստվում են ևս տասնյակ միլիարդավոր եվրո ուղղել միության ռազմական ներուժի ամրապնդմանը՝ պաշտպանության հարցերում ԱՄՆ-ից ավելի մեծ անկախության հասնելու նպատակով, հայտնել է Bloomberg-ը՝ հղում կատարելով թեմային ծանոթ աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ ԵՄ-ը տասնյակ միլիարդավոր եվրոյի վարկեր և դրամաշնորհներ է նախապատրաստում՝ ԱՄՆ ռազմական միջոցները փոխարինելու համար, քանի որ Եվրոպան ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը Վաշինգտոնից։ Խոսքը լայնածավալ հակամարտություն վարելու համար անհրաժեշտ տեխնիկական և լոգիստիկ կարողությունների մասին է։ Սակայն ֆինանսավորման չափը դեռ որոշված չէ. ծրագիրը վերջնական տեսք կստանա այն մշակողների՝ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրների հետ քննարկումներից հետո։ Բացի այդ, հաշվի կառնվի, թե ԱՄՆ-ը որ ուժերը կթողնի Եվրոպայում և որոնք դուրս կբերի։
Գործակալության աղբյուրները հստակեցրել են, որ նոր ծրագիրը կսկսի գործել 2027 թվականի երկրորդ կեսից, դրա ֆինանսավորումը կտրամադրվի նաև միության՝ 2028-2034 թվականների երկարաժամկետ բյուջեից (Multiannual Financial Framework, MFF)։
Այս նախաձեռնությունը կփոխարինի պաշտպանական նպատակների համար նախատեսված՝ Եվրամիության SAFE (Security Action for Europe) ֆինանսական մեխանիզմին, որի բյուջեն կազմում է 150 մլրդ եվրո։ Այն պետք է բավարարեր ԵՄ պաշտպանական մի շարք կարիքներ՝ մինչև երկարաժամկետ բյուջեի ուժի մեջ մտնելը։ Սակայն, գործակալության տվյալներով, SAFE երկարաժամկետ վարկերի փաթեթից 21 մլրդ եվրոն այդպես էլ պահանջարկ չի ունեցել։
Ակնկալվում էր, որ նոր բյուջեով պաշտպանությանը կհատկացվի 130 մլրդ եվրո, և այդ միջոցների կեսը կպահուստավորվի ռազմավարական կարողությունների համար։
Ավելի վաղ ԵՄ-ում առանձնացրել էին համատեղ պաշտպանական ֆինանսավորման առաջնահերթ ոլորտները՝ հակահրթիռային և հակաօդային պաշտպանություն, հետախուզություն, դիտարկում և տեղազննում։ Սակայն, Bloomberg-ի տեղեկություններով, Եվրամիության երկրները դեռ հաջողության չեն հասել բավարար ֆինանսավորման բացակայության պատճառով։
Նոյեմբերի 27-ի գիշերը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԵՄ երկրների առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում չեն կարողացել համաձայնության գալ միության 2028-2034 թվականների երկարաժամկետ բյուջեի շուրջ։ Արդյունքի հասնելու հաջորդ փորձը կարվի դեկտեմբերի 17-18-ի գագաթնաժողովում։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, մեկնաբանելով նոյեմբերի 21-ին իր ներկայացրած բյուջեի նախագիծը, մասնավորապես նշել է, որ «մրցունակության ֆինանսավորումն ավելանում է 120 տոկոսով, պաշտպանության ֆինանսավորումը՝ 232 տոկոսով»։



