ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իշխանաձոր համայնքում, Քարվաճառ ու Հադրութ շրջկենտրոններում կտեղակայվեն Թումո-տուփեր

Իշխանաձոր համայնքում, Քարվաճառ ու Հադրութ շրջկենտրոններում կտեղակայվեն Թումո-տուփեր

Արցախում բացի մայրաքաղաքից, Հանրապետության շրջաններում ևս մինչև տասը նոր «Թումո-տուփեր»  կտեղադրվեն։ Առաջին երեք Թումո-տուփերը կտեղակայվեն ընթացիկ տարում՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում և Քարվաճառ ու Հադրութ շրջկենտրոններում: Այս մասին տեեկանում ենք  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումից, որում ասվում է․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ՝ աշխատանքային այցով Երևանում եմ: Օգտագործելով պատեհ առիթն՝ այսօր ընդունել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին:

Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու և, բացի մայրաքաղաքից, Հանրապետության շրջաններում ևս մինչև տասը նոր «Թումո-տուփեր» (էսքիզը՝ կից) տեղադրելու վերաբերյալ, որոնք կապված են լինելու Թումո հանգույցների հետ: Յուրաքանչյուր կենտրոնում հնարավորություն կստեղծվի մինչև 320 ուսանողի ուսուցման համար:

Պայմանավորվածության համաձայն՝ առաջին երեք Թումո-տուփերը կտեղակայվեն ընթացիկ տարում՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում և Քարվաճառ ու Հադրութ շրջկենտրոններում:

Համեմատության համար նշեմ, որ Թումոյի նույնատիպ կրթական ծրագրերով կենտրոններ գործում են Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում և աշխարհի այլ մեգապոլիսներում:

Արցախի ապագան առաջադեմ ու մրցունակ երիտասարդներն են, իսկ դրա համար մեր երեխաները պետք է ունենան կրթական այդպիսի ծրագրերին հաղորդակից լինելու լավագույն հնարավորությունները: Սերունդների որակյալ կրթության ապահովման գործում մեր այսօրվա յուրաքանչյուր ներդրում վաղը բազմապատիկ վերադարձվելու է երկրի զարգացմանը»:

 

  • Կիսվել: