հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Կիպրոսի պատգամավորը Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը որակել է որպես «ցեղասպան գործողություն»

Կիպրոսի պատգամավորը Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակը որակել է որպես «ցեղասպան գործողություն»

ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ Կիպրոսի պատգամավոր Կոնստանտինոս Էֆստատիուն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

՛՛Լեռնային Ղարաբաղ հասանելիությունը և մատակարարումները պետք է անվերապահորեն վերականգնվեն, և Ադրբեջանը պետք է երաշխավորի մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը՛՛,-ասել է նա և հավելել, որ Բաքվի նման պահվածքը հարվածի տակ է դնում կարգավորման փխրուն գործընթացը:

Խոսելով շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակի մասին՝ պատգամավորն այն որակել է ՛՛ցեղասպան գործողություն՛՛:

՛՛Որպես Եվրոպայի խորհրդի անդամ` մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անխափան կերպով բացել Լաչինի միջանցքը, զերծ մնալ լարվածության բերող գործողություններից՛՛-նշել է Կիպրոսի պատգամավորը և հավելել. ՛՛Զոհել միայն այն պատճառով, որ հա՞յ են, թե՞ քրիստոնյա են....:

Ցեղասպանության վճռորոշ պահ է, եկեք չզոհենք մարդկանց` քաղաքական պայմանների կամ ազգային շահերից ելնելով: Այս աշխարհում յուրաքանչյուր մարդ արժանի է ապրել արժանապատիվ և իրավունքների լիարժեք հարգման պայմաններում: Ուղերձը պետք է լինի հստակ՝ դադարեցրեք Լաչինի միջանցքի շրջափակումը՛՛:

 

 

  • Կիսվել: