երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հիլիսը նոր համայնքային կենտրոն կունենա. Համայնքապետ

Հիլիսը նոր համայնքային կենտրոն կունենա. Համայնքապետ

ԱՀ Ասկերանի շրջանի Հիլիս համայնքը 155 բնակիչ ունի. պատերազմից հետո բոլորը վերադարձել են հայրենի եզերք:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հիլիսի համայնքապետ Արթուր Ղուլյանը: Մեր զրուցակցի խոսքով՝ գյուղի ստորոտով հոսում է փոքրիկ գետակ. եկվորները այն անվանել են հայելու նման ջինջ և մաքուր, և այդպիսով գյուղը ստացել է «Հիլիս» անվանումը։ «Արցախյան 44-օրյա պատերազմից հետո 3 ընտանիք է հաստատվել գյուղում՝ 15 հոգով՝ Հադրութ քաղաքից, Ասկերանի շրջանի Սղնախ համայնքից ու Քաշաթաղից:

Այդ ընտանիքները օգտվել են տեղահանվածներին տրամադրվող աջակցությունից:

Համայնքապետարանի շենքը անմխիթար վիճակում է: Ըստ նախատեսվածի՝ մոտ օրերս կմեկնարկեն համայնքային կենտրոնի շինաշխատանքները։ Այստեղ կգործի նաև բուժկետը: Ունենք նորակառույց հանդիսությունների սրահ. պատերազմից 3 օր առաջ էին ավարտվել շինարարական աշխատանքները: Գյուղամիջյան ճանապարհները բարեկարգման կարիք ունեն:

Դպրոցում սովորում է 9 աշակերտ, իսկ գյուղի 11 երեխաները հաճախում են հարևան Խնձրիստանի մանկապարտեզ: Այս պահի դրությամբ պետական միջոցներով 5 տուն է վերանորոգվում: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- ներկայացրել է համայնքապետը:

Մեր զրուցակիցը ցավով տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմը խլեց մեկ համագյուղացու կյանքը: Խոսելով բնակչության զբաղվածության մասին՝ նա նշեց, որ մարդիկ չեն ընկրկում, շարունակում են վաստակել։ Հիմնականում անասնապահությամբ ու հողագործությամբ են զբաղվում։

  • Կիսվել: