կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից. ադրբեջանական կողմը խոչընդոտում է մասնագետների հասանելիությունը վթարի վայր․ Արցախի ՄԻՊ

Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից. ադրբեջանական կողմը խոչընդոտում է մասնագետների հասանելիությունը վթարի վայր․ Արցախի ՄԻՊ

Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
 
«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
 
«Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։ Պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։
 
Այս պահին վերականգնման աշխատանքները ևս չեն իրականացվում ադրբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։
 
Վթարի և գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները և նրանց կողմից վարվում են բանակցություններ վերականգնման աշխատանքներ սկսելու ուղղությամբ։
 
Գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելը ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար բնագավառում խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: