հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի պատշաճ իրացման հետ կապված հարցը շարունակում է մնալ դատական համակարգի հիմնական խնդիրներից. ԱՀ ՄԻՊ

Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի պատշաճ իրացման հետ կապված հարցը շարունակում է մնալ դատական համակարգի հիմնական խնդիրներից. ԱՀ ՄԻՊ

2019 թվականին արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքներին առնչվող ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 21 դիմում է ստացել: Այս մասին առցանց ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը և ավելացրել, որ դիմումների մի մասն առնչվել է ողջամիտ ժամկետին, իսկ մյուս մասի դեպքում դիմումատուները, համաձայն չլինելով դատական ակտի հետ, դիմել են Պաշտպանին խորհրդատվություն ստանալու նպատակով:

«Դատական համակարգի հիմնական խնդիրներից է շարունակում մնալ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի պատշաճ իրացման հետ կապված խնդիրը: Այդ իրավունքն ամրագրված է ինչպես միջազգային իրավական փաստաթղթերով, այնպես էլ Սահմանադրությամբ: Ողջամիտ ժամկետի խախտման հիմնական պատճառներից են դատարանների ծանրաբեռնվածությունը, ապացույցներ հետազոտելու անհրաժեշտությունը և վերջինից բխող՝ փորձաքննության մարմինների ծանրաբեռնվածությունը: Խնդիր է նաև այն, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման վերականգնման պատշաճ կառուցակարգեր չեն գործում: Նման մեխանիզմների օրենսդրորեն ամրագրումը և պրակտիկայում պատշաճ կիրառումը դատարանների կողմից ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտումները նվազագույնի կհասցնի»,- մանրամասնել է Ա. Բեգլարյանը:

Պաշտպանը կարծում է, որ խնդրի լուծման մեխանիզմ կարող է լինել դատավարական օրենսդրությամբ այնպիսի նորմի սահմանումը, որի համաձայն ողջամիտ ժամկետում գործի դատական քննության իրավունքը խախտելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմել դատարան արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը ճանաչելու և պատճառված ոչ նյութական վնասը հատուցելու պահանջով:

Արդարադատության համակարգում Արտակ Բեգլարյանն առաջընթաց է համարում 2019 թ. ընթացքում ԱՀ քննչական կոմիտեի ձևավորումը՝ որպես անկախ մարմին: Այդ բարեփոխումն ապահովել է նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը, քննչական մարմինների անկախությունը և դատավարական ինքնուրույնությունը: Պաշտպանը համոզված է, որ դրա շնորհիվ կերաշխավորվի նախաքննության առավել արդյունավետ իրականացումը, ինչը թույլ կտա ուժեղացնել մինչդատական քրեական վարույթում քաղաքացիների իրավունքների և օրինակա շահերի պաշտպանությունը:

  • Կիսվել: