կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հետպատերազմյան տարում արցախահայության սոցիալական աջակցության ավելի քան երկու տասնյակ ծրագրեր են իրականացվել. արցախցի նախարար

Հետպատերազմյան տարում արցախահայության սոցիալական աջակցության ավելի քան երկու տասնյակ ծրագրեր են իրականացվել. արցախցի նախարար

44-օրյա պատերազմից հետո երկրում ստեղծվեց այնպիսի իրավիճակ, երբ առկա խնդիրները հրատապ լուծում էին պահանջում։ Պատերազմից անմիջապես հետո ՀՀ և ԱՀ Կառավարությունների կողմից իրականացվել են արցախահայության սոցիալական աջակցության երկու տասնյակից ավելի տարբեր ծրագրեր։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը:
 
«Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված  քաղաքացիներին 300 000 դրամի չափով միանվագ  աջակցություն է տրամադրվել, իսկ պատերազմական ավերածությունների հետևանքով բնակելի անշարժ գույք կորցրած  քաղաքացիներին՝  միանվագ աջակցություն՝ 250 000 դրամի չափով: Արցախի Հանրապետությունում հաշվառված և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում փաստացի բնակված, բայց հաշվառում չունեցող քաղաքացիներին ամսական 68 000 դրամի չափով աջակցություն է հատկացվել 4 ամիս ժամկետով։ Միաժամանակ Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան քաղաքներում ժամանակավոր ապաստանած 375 ընտանիքների տրամադրվել է սառնարան՝ ընդհանուր 60 մլն ՀՀ դրամ արժողությամբ: Ընթացիկ տարվա ապրիլից ամփոփվել և նախարարություն են ներկայացվել երկու և ավելի զոհ ունեցող ընտանիքներին տրվող ամենամսյա դրամական օժանդակության, զոհված զինծառայողների հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման ծախսերը հատուցելու ծրագրերի և հիշարժան օրերի կապակցությամբ միանվագ դրամական օգնությունների ֆինանսավորման պահանջագրերը ևս:
 
Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած  տարածքներում մնացած աշխատանքային գրքույկների վերականգնման նպատակով, ըստ տեղեկատվական շտեմարաններում  առկա տեղեկատվության, գործատուներին կամ քաղաքացիներին են տրամադրվել շուրջ 100 վարձու աշխատողի աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկություններ»,- ներկայացրել է Ա. Պետրոսյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ աշխատանքի միջոցով պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի սոցիալական խնդիրները լուծվեն:
 «Մենք պետք է ոչ թե դոտացիաներով պահենք մեր հասարակությանը, այլև՝ աշխատանքով: Պատերազմից հետո ինքս ինձ համար ընտրել եմ «քիչ խոսել,  շատ գործել» կարգախոսը։ Այս պահին մենք ավելի շատ անելիք ունենք, քան՝ ասելիք »,- ընդգծել է նախարարը՝ մանրամասնելով, որ, 2022 թվականից սկսած,  գերատեսչության գործունեության մեջ տեղ գտած նոր ծրագրերը միտված են լինելու հանրության շրջանում արմատավորելու՝ «Աշխատանքն  է զարգացման  շարժիչ ուժը» գաղափարը։
 
Ընդհանրացնելով անցնող տարին՝ Ա. Պետրոսյանը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և նորանոր հաջողություններ։

  • Կիսվել: