կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայ մայրերը մեկօրյա հացադուլով փորձում են «ստիպել» ՄԱԿ-ին հումանիտար օգնություն ուղարկել սովյալ Արցախ․ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից ասել են՝ կզեկուցենք կենտրոնակայան, եթե շատ լինեք

Հայ մայրերը մեկօրյա հացադուլով փորձում են «ստիպել» ՄԱԿ-ին հումանիտար օգնություն ուղարկել սովյալ Արցախ․ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից ասել են՝ կզեկուցենք կենտրոնակայան, եթե շատ լինեք

Այսօր երկու հայ կին՝ մեկը Արցախից, մյուսը Երևանից միմյանցից անկախ հանդիպեցին ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի առջև և լուռ համաձայնությամբ որոշեցին մեկօրյա հացադուլով հրավիրել խուլ ու համր ձևացող աշխարհի ուշադրությունը ամիսներ շարունակ ադրբեջանական պաշարման մեջ գտնվող, փաստացի սովի եզրին հասած արցախցի մեր հայրենակիցների, հատկապես երեխաների ճակատագրի վրա։

Ծնունդով արցախցի Հերմինեն և երևանցի Մարգարիտան մանկահասակ երեխաների մայրեր են։ Հերմինեն ունի երեք երեխա, Մարգարիտան՝ երկուսը և դեռևս գտնվում է երեխայի խնամքի համար նախատեսված արձակուրդում։ Նրանք երկուսն էլ առանց վարանելու իրենց երեխաներին մեկ օրով թողել են իրենց հարազատների խնամքին և եկել իրենց լուռ ու զուսպ ակցիայով աշխարհի ուշադրությունը գրավել արցախցի փոքրիկների վտանգված ճակատագր վրա։

«Մեր պայքարը ապաքաղաքական է, մենք միայն ուզում ենք այս ակցիայով գրավել ՄԱԿ-ի ուշադրությունը, որպեսզի նա իր պարենային ծրագրի շրջանակներում օգնություն ցուցաբերի Արցախին»,- ընդգծում են կանայք։

Մարգարիտան ասում է, որ եթե իմանար, որ վաղը ակցիային մասնակցող չկա, պատրաստ էր մեկ օր ևս սոված կանգներ ՄԱԿ-ի գրասենյակի առջև, միայն թե բաղձալի օգնությունը հասներ հայրենիք։ Մարգարիտան համարյա լուռ է․ «Դե ինչ ենք անում, որ խոսենք»։

Հարցին, արդյոք իրենց ընտանիքի անդամները չեն ընդդիմացել այս որոշմանը, կանայք տարակուսած նայում են միմյանց՝ իսկ ինչու պետք է ընդդիմանային, ինչ վատ բան ենք անում մենք։ «Ընդհակառակը հաճույքով համաձայնել են մեկ օր փոխարինել մայրիկներին»,- խոստովանում են նրանք։ Մարգարիտան էլ հավելում է, որ առաջին անգամ է այդքան երկար ժամանակով թողել մեկ տարեկան տղային առանց իր խնամքի։ «Բայց ի զարմանս ինձ, հանգիստ մնացել է, փաստորեն կարող եմ արդեն աշխատել»,- կատակում է նա։

Կանայք ասում են, որ ՄԱԿ-ի գրասենյակի աշխատողները սրտացավ են, մոտենում են, հարցնում նրանց որպիսությունը, աթոռ առաջարկում։ «Բայց մենք որոշեցինք, որ այպիսի ասկետական պայմաններում անցկացնենք ակցիան, որպեսզի մենք էլ կիսենք այն զրկանքները, որոնք բաժին են հասել մեր արցախցի քույրերին ու եղբայրներին»,- ասում է Մարգարիտան։

Հերմինեն էլ նշում է, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի աշխատողները հավաստում են, որ եթե ակցիան մարդաշատ լինի, նրանք կզեկուցեն դրա մասին կենտրոնատեղի, և հնարավոր է դրա նախաձեռնողները հասնեն հաջողության։

Կանայք նաև նշում են, որ եթե ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի գոնե հայ աշխատողները գոնե մեկ օրով գործադուլ անեին, անշուշտ ավելի հեշտ կլիներ որոշում կայացնողների ուշադրությունը գրավել։

Մինչ մենք կանգնած էինք, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ եկան երկու արցախցի աղջիկ, մի հայաստանցի կին, որը մոտենալուն պես ասաց՝ ուղղակի չեմ կարողանում տանը նստեմ, չգիտեմ ինչ անեմ։

Մարգարիտան ու Հերմինեն ասացին, որ ակցիայի նկատմամբ հայ մայրիկների կողմից կա հետաքրքրություն, շատերն են գրում, զանգում ու ասում, որ կմիանան։ «Վաղը օրինակ ակցիան կշարունակեն երկու մայրիկ՝ մեկը նորից Արցախից, մյուսը Երևանից, հաջորդ օրվա համար էլ կան կամավորներ»,- նկատում են նրանք։

Նշենք, որ ակցիայի նախաձեռնողը հասարարկական գործիչ Անուշ Սեդրակյանն է։ Երեկ նա և ևս մեկ կին մեկօրյա հացադուլ հայտարարեցին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ, էստաֆետը փոխանցելով Հերմինեին ու Մարգարիտային, վաղն էլ նրանք հերթափոխը կտան երկու այլ մայրիկների․․․

  • Կիսվել: