շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գյուղատնտեսը խոստումնալից է համարում Արցախում ջերմոցային տնտեսությունից սպասվող բերքատվությունը

Գյուղատնտեսը խոստումնալից է համարում Արցախում ջերմոցային տնտեսությունից սպասվող բերքատվությունը

Ասկերանի շրջանի Պատարա համայնք տանող ճանապարհին հարակից տարածքում մենատնտես Նվեր Գաբրիելյանը 4300 քառակուսի մետր մակերեսով ջերմոցային տնտեսություն է հիմնել, որը ջեռուցվում է գազով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նվեր Գաբրիելյանը տեղեկացրեց, որ 44-օրյա  պատերազմից հետո մի քանի ջերմոց է կառուցել, որոնք ջեռուցվում են բնական գազով:
«Մեծ ծրագրեր ու ակնկալիքներ կային, սակայն շրջափակման պատճառով  հետաձգվել են:
 
Բերքահավաքը պետք է այժմ իրականացնեինք, բայց հետաձգվել է մեկ ամսով հետաձգվել է: Ադրբեջանցիների կողմից՝ Հայաստանից Արցախը սնուցող  գազատարի հաճախակի խափանումների  դեպքում՝ վառարաններն աշխատեցնում ենք դիզվառելիքով, որը տրամադրում է  Գյուղատնտեսության նախարարությունը: Ջերմոցի հաստատուն ջերմաստիճանն այժմ փոքրիշատե փորձում ենք պահպանել նաև վառելափայտով աշխատող վառարանների միջոցով: Ցավոք, մինչ այդ սածիլների ցրտահարման հետևանքով մեծ վնասներ ենք կրել»,-մանրամասնեց  Նվեր Գաբրիելյանը:
 
 Նրա  ջերմոցներում մշակվում են  բանջարեղենային այնպիսի մշակաբույսեր ինչպիսիք են  լոլիկը, վարունգը, դդում, պղպեղ:
 
Տնտեսվարողը պատմեց, որ անցած տարի նաև սմբուկ են մշակել, ակնկալիքները  չի արդարացրել:
 
«Չնայած բոլոր դժվարություններին, այս տարի  բերքատվության մեծ ակնկալիքներ ունեմ՝ հույսով, որ արդյունքը գոհացուցիչ կլինի»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ  մոտ մեկ ամիս հետո արդեն բերքը կներկայացնեն շուկա:
 
Գալիք տարում Նվեր Գաբրիելյանը նախատեսում է ընդլայնել ջերմոցային տնտեսությունը:
 
«Հատկապես նախատեսում եմ ընդլյանել լոլիկի մշակությունը: Հնարավոր է կարտոֆիլն ընդգրկենք մեր մշակաբույսերի ցանկում»,- ներկայացրեց  մեր զրուցակիցը՝ նշելով, որ ջերմոցներն ապահովվել է ոռոգման կաթիլային համակարգով, իսկ գազի վառարանները տեղադրվել են գյուղնախարարութան նախարարության համապատասխան ծրագրով:

  • Կիսվել: