չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Չեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան

Չեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան

Ես փոխադարձ վստահության վրա հիմնված սերտ աշխատանքային հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահի, ՌԴ Կառավարության ղեկավարի հետ, և չեմ կարող հավատալ, որ Կրեմլից կարող են այդպիսի գործողություններ կամ Կառավարությունից (Սպիտակ տուն են անվանում իրենց կառավարությունը նույնպես) կարող են Հայաստանի դեմ նման գործողություններ լինել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերա՞զմ է սկսել:

«Չեմ բացառում, և մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում, այնուամենայնիվ, կան որոշակի շրջանակներ, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ, և վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում էլ կան այդպիսի շրջանակներ, որոնք այս հիբրիդային գործողությունների և հիբրիդային պատերազմի հետևում են կանգնած:

Բայց ես նաև համոզված եմ, որ մենք ունենք բոլոր կարողությունները, բոլոր հնարավորությունները՝ կառավարելու այդ հիբրիդային ռիսկերը և ոչ միայն հիբրիդային ռիսկերը»,- հայտարարեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ պետական հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն՝ Սոլովյովի հետ» հաղորդման վարող Վլադիմիր Սոլովյովը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ գործարար Սամվել Կարապետյանի տանը իրականացվող գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է Վլադիմիր Սոլովյովին՝ հայտարարելով, որ դա ուղղակի միջամտություն է ՀՀ ներքին գործերին:

  • Կիսվել: