Այժմ էլ Հայ Առաքելական Եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք. Մարիա Կարապետյան
Հայ Առաքելայկան Եկեղեցին մեր ազգային ինքնության մասն է և բացառիկ առաքելություն է ունեցել մեր ազգային ինքնության պահպանման մեջ: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 18-ի նիստին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով Եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին:
Պատգամավորը ներկայացրեց, թե Պարսկական կայսրության ժամանակաշրջանում ինչ զոհողությունների է գնացել Հայ Առաքելական Եկեղեցին ազգային ինքնության պահպանման գործում ստանձնած առաքելությունը կատարելու համար, ինչպես են այդ զոհողությունները փոխել Հայ Առաքելական Եկեղեցին, և թե ինչպես, ըստ Մարիա Կարապետյանի, այժմ պետք է փոխվի այն:
«Գիտեք՝ մեր պատմությունը կրկնվելու հատկություն ունի, քանի դեռ մենք գիտակցաբար այն ինքներս կերտելու պատասխանատվություն չստանձնենք:
Ինչպես այն ժամանակ Հայ Առաքելական Եկեղեցին ազատագրական պայքարի գաղափարի կրողը չէր, հաշտ էր կայսրության հետ, այդպես էլ այժմ Հայ Առաքելական Եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ, բայց մենք դա կփոխենք, որովհետև առնվազն մեր ժողովուրդը անտեղի չէ Եկեղեցուն ի պահ տվել իր վանքերը:
Սիրելի՛ քաղաքացիներ, քանի դեռ մեր Եկեղեցին չի ընդունել մեր պետության գերակայությունը՝ որպես մեր ժողովրդի կամքի արտահայտություն, շարունակելու է լինել կայսրությունների մեջ դարեր շարունակ գոյատևելու համար ձեռք բերած հատկությունների կրող»,- ասաց նա:
Այս համատեքստում Մարիա Կարապետյանն անդրադարձավ այն քննարկումներին, թե Եկեղեցու սպասավորների կուսակրոն չլինելու հարցը քննարկելն անձնական կյանքի միջամտություն է:
«Այս քննադատությունը բաց է թողնում մի կարևոր հանգամանք. կուսակրոնությունը հանրայնորեն հանրահռչակված պայման է մեր հազարամյա վանքերը խնամելու համար և ոչ միայն դա անելու համար: Մեզ հետաքրքիր է ոչ թե ինչ-որ մեկի անձնական կյանքը, այլ երեսպաշտությունը, կեղծիքը դադարեցնելը: Կա՛մ կյանքը պետք է համապատասխանի Կանոնագրքին, կա՛մ Կանոնագիրքը՝ կյանքին»,- ասաց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որոշ հոգևորականներին ուղղված քննադատական բառապաշարին:
«Ոմանց նուրբ հոգիները ցնցվել են վարչապետի բառապաշարից: Իմ հոգին ևս, պարո՛ն վարչապետ, խստորեն դատապարտում եմ, սակայն ոմանց պարագայում այդ ցնցումն արժանի ցնցում էր, քանի որ արդեն որերորդ տարին է՝ գուբերնատորները, նրանց սպասարկող հոգևորականները, որոշ բլոգերներ կարծում են, թե երբ հարվածներ են հասցնում պետությանը, դուք պետք է ձեռքերը ներքև պահեք: Ինչո՞ւ եք բարձրացնում, ինչո՞ւ եք հարվածներ հասցնում:
Խստորեն դատապարտում եմ և ամբողջությամբ աջակցում, պարո՛ն վարչապետ, դարերով կուտակված մեր խնդիրները լուծելու ձեր հանձնառությանը որպես քաղաքացի, որպես պատգամավոր:
Սիրելի՛ քաղաքացիներ, մենք չենք մոռացել մեղմ և բարեկիրթ լինելու ձևը, այդպիսին կլինեն բոլորը և շուտով»,- ասաց նա: