Մի քանի օրվա պասիվությունս չի նշանակում, որ մյուսները պետք է լկտի հարձակումներ անեն. պատասխան կստանան. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ ինքը Հայ առաքելական եկեղեցուն և Մայր Աթոռին պատերազմ չի հայտարարել, պատերազմ հայտարարել են այն մարդիկ, որոնք խախտում են Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը։
Այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
«Ես Հայ առաքելական եկեղեցուն և Մայր Աթոռին չէի կարող, չեմ կարող և պատերազմ չեմ հայտարարել։ Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտում են Հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը, կուսակրոնության ուխտագիրը, խախտում են մեր ավանդույթները։ Իմ խնդիրը, որպես Հայ եկեղեցու հավատավոր հոտի համավատարիմ ներկայացուցիչ, եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին ու հոգևոր արմատներին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նկատել է, որ տարածաշրջանում, այո՛, իրադրությունը շատ բարդ է, և ինքը մի քանի օր ներքաղաքական հարցերի չէր անդրադառնում։
«Բայց դա չի նշանակում, որ մյուսներն այդ պասիվությունը պետք է օգտագործեին լկտի հարձակումներ անելու համար։ Այդ հարձակումները համարժեք պատասխան կստանան, հույս ունեմ՝ արդեն համոզվել եք»,-հավելել է նա։