2025 թ. առաջին եռամսյակում արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ. Գևորգ Պապոյան
2024 թվականը եզրափակեցինք շոշափելի տնտեսական արդյունքներով: Տարվա ընթացքում ապահովվեց 5,9 տոկոս ՀՆԱ-ի աճ, ինչը ընթացիկ գներով նշանակում է ավելի քան 700 միլիարդ դրամի հավելյալ համախառն ներքին արդյունք՝ նախորդ տարվա համեմատ:
Այս մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով նախորդ տարվա վիճակագրությունը:
2025 թվականի առաջին եռամսյակում, ըստ նախարարի, արդեն իսկ արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ՝ շարունակելով հաստատուն վերելքը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին մեր տնտեսությունն անցել է զարգացման նոր փուլ՝ ձեռք բերելով որակական նոր բովանդակություն:
«2018-ից ի վեր ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 43,5 տոկոս՝ անցնելով 10 տրիլիոն դրամի շեմը կամ գրեթե 26 մլրդ դոլար, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է»,- հայտնեց Պապոյանը:
Ուշադրություն հրավիրելով աշխատաշուկայի տվյալների վրա՝ ասաց՝ 2024-ի նոյեմբերին գրանցվել է բոլոր ժամանակների լավագույն ցուցանիշը՝ գրեթե 783 հազար աշխատատեղ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի անկախությունից ի վեր: