ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գետաբեկի ոսկու հանքը շահագործում է Anglo-Asian mining company-ն, որին ապօրինի կերպով Ադրբեջանի իշխանությունները խոստացել են «տրամադրել» «Կաշենի» հանքը. Արտակ Բեգլարյան

Գետաբեկի ոսկու հանքը շահագործում է Anglo-Asian mining company-ն, որին ապօրինի կերպով Ադրբեջանի իշխանությունները խոստացել են «տրամադրել» «Կաշենի» հանքը. Արտակ Բեգլարյան

Գետաբեկի ոսկու հանքը նման ֆեոդալական փնթիությամբ շահագործում է նույն Anglo-Asian mining company-ն, որին ապօրինի կերպով Ադրբեջանի իշխանությունները խոստացել են «տրամադրել» «Կաշենի» հանքը:

Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
 
«Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում տեղի ունեցած ոստիկանական վայրագությունները և դրանց պատճառները հստակորեն ցույց են տալիս Ադրբեջանում առկա բնապահպանական, քաղաքական ու սոցիալական խնդիրների սրությունն ու խորությունը: Մի քանի դիտարկում դրանց վերաբերյալ.
  1. Այդպիսի սուր ու երկարաժամկետ բնապահպանական հիմնախնդիրների պայմաններում որտե՞ղ են այն «բնապահպան» կոչեցյալ ահաբեկիչները, որոնք մեկնարկեցին Արցախի հանցավոր շրջափակումը՝ «աղավնիների» բնապահպանական դիմակներով:
  2. Սեփական շահագործված քաղաքացիներին ջարդող ոստիկանները Շուշիում համերաշխ կերպով ապրիլի 28-ից փոխարինել են 120,000 մարդու մեծ տառապանքների պատճառ դարձած ահաբեկիչներին՝ շարունակելով պետական ահաբեկչության շղթան:
  3. Հստակ է, որ ալիևյան բռնապետական ռեժիմի համար մարդը արժեք չէ՝ առանց մեծ տարբերության, թե արդյոք դիմացինը հայ է, թե՝ ադրբեջանցի, կարևորը մարդկանց ստրկացումն է, իշխանության պահպանումն ու դիզվող ոսկիները:
  4. Կարևոր է հաշվի առնել, որ Գետաբեկի ոսկու հանքը նման ֆեոդալական փնթիությամբ շահագործում է նույն Anglo-Asian mining company-ն, որին անցած տարի ապօրինի կերպով Ադրբեջանի իշխանությունները խոստացել են «տրամադրել» Արցախի «Կաշենի» պղնձի հանքը, և հենց այդ կազմակերպությունն էլ Արցախի շրջափակման մեկնարկի գլխավոր մեղավորներից ու աջակիցներից է:
  5. Պատկերացնու՞մ եք, թե ինչ կարգի բնապահպանական աղետ է ստեղծել այս ընկերությունն այնտեղ, որ նույնիսկ բռնապետական նման երկրում այդպիսի բողոքի ակցիա է իրականացվում: Իսկ ահա իրենց կողմից «վիճարկվող» «Կաշենի» հանքի գործող բնապահպանական բարձր ստանդարտները պարզապես երազանք կարող են թվալ ադրբեջանցի այդ հալածյալ բնակչության համար:
  6. Եվ այդպիսի հանցագործ ռեժիմն ու ընկերությունը ցանկանում են ուժով տիրանալ Արցախի ժողովրդի հայրենիքին ու բնական պաշարներին: Ի դեպ, հիշեցնեմ, որ նույն Գետաբեկը ժամանակին լրիվ հայկական ու հայաբնակ տարածք էր, որն աստիճանաբար էթնիկ զտման ենթարկվեց ու յուրացվեց ադրբեջանցիների կողմից:
  7. Վստահ եմ, որ ուրիշի հողի ու սեփականության վրա աչք դրած այս հանցագործներին դեռ նոր անակնկալներ են սպասվում: Կարծում եմ՝ մեկ օր լրիվությամբ կբացահայտվի Anglo-Asian-ում ալիևյան կլանի հանցավոր մասնակցությունը: Սրա վերաբերյալ արդեն որոշ բացահայտումներ է արել աշխարհում հանրաճանաչ OCCRP հետաքննող կազմակերպությունը, նույն այն հայտնի «Պանամական փաստաթղթերում»՝ հետաքննության համաձայն բացահայտելով, որ Ալիևի դուստրերը այդ ընկերության սեփականատերերն են»:

  • Կիսվել: