հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե պատերազմ է սկսվում, նշանակում է դիվանագիտական լուծումների բոլոր հնարավորությունները սպառվել են. պատերազմով պետք է պարտադրենք դիվանագիտական լուծումներ

Եթե պատերազմ է սկսվում, նշանակում է դիվանագիտական լուծումների բոլոր հնարավորությունները սպառվել են. պատերազմով պետք է պարտադրենք դիվանագիտական լուծումներ

… Սեյրանի հետ ծանոթացա Ստեփանակերտում: Պատերազմի առաջին օրերն էին, նոր էր եկել դիրքերից ու պատրաստվում էր դարձյալ գնալ առաջնագիծ:

-Հազում ես:

-Հա, գիշերը դիրքերում անձրև էր, մի քիչ մրսել եմ:

-Կազդուրվեիր նոր գնայիր:

-Ժամանակ չկա:

-Լավ գոնե հարցազրույց տուր ինձ, տեսնեմ դուք ինչ տեսակ եք, որ ապրիլյանի ժամանակ, ճակատագրի բարեհաճությունից օգտվելով, տուն վերադարձաք, ու այս անգամ նորից հանդգնեցիք մարտահրավեր նետել ճակատագրին, որ վատառողջ նետվում եք դիրքեր, որ...

-Դրա ժամանակն էլ չի, կգնամ, կվերադառնամ կխոսենք:

-Աստված ձեզ հետ:

Սեյրանի հազը ու «կգնամ-կվերադառնամ, կխոսենքը» դեռ մի քանի օր ականջներումս հնչում էր, լուր չկար... մի բան եղած չլինի:

...Վերադարձավ… զանգեց. «Կարող ենք խոսել, հարցերդ ասա» (նորից սաստիկ հազում էր):

-Դե պատմի, ո՞վ ես, ինչպե՞ս ստացվեց, որ ռազմագրվեցիր Հայրենիքին։

-Դե ինչ պատմեմ, մեզ մոտ գենետիկորեն է այդպես, դաստիրակությունն է այդպես: Պապս զորագրվել է դեռ առաջին արցախյան պատերազմին` թիկունքում թողնելով երեք դեռահաս երեխա: Ցավոք պատերազմը չխնայեց նրան, չվերադարձավ... Հայրս 17 տարեկան էր, երբ գնաց հոր հերթափոխին: Ճակատագիրը նրա նկատմամբ ավելի բարեհաճ գտնվեց` վերադարձավ: Հետո խաղաղության ու արարելու տարիներ...

Եկավ 2016-ի ապրիլը: Ես արդեն ժամկետային զինծառայող էի: Ծառայակիցներիս հետ միասին մեր պարտքը կատարեցինք Հայրենիքի առջև, բնականաբար հայրս չէր կարող անմասն մնալ, նա էլ կամավորագրվեց, եկավ մեզ մոտ: Դե հետո էլ...եկավ հիման...Ով պետք է կռվի, եթե ոչ մենք, ում վրա պետք է հուսյներս դնենք, հիմա ես վերադարձա, հայրս նորից մեկնեց առաջնագիծ... նորմալ է, դա է պահանջում Հայրենիքը բոլորիցս:

-Բա մայրդ, բա տատդ, բա ոնց ձեզ թողեցին, ախր մի կորուստ ունեցել եք, մյուս անգամներն էլ ճակատագիրը բարեհաճ է գտնվել ձեր նկատմամբ, ախր...

-Ինչ ախր... եթե պետք է, պետք է... Մեզ մոտ այդպիսի որոշումները չեն քննարկվում...

-Մի քիչ պատերազմից պատմի... Վախ չկ՞ա, ի՞նչ եք զգում, ի՞նչ եք մտածում թեժ մարտերի ժամանակ։

-Մարտերի ժամանակ այնպես է, ինչպես աշխատանքի ժամանակ, ամբողջովին կենտրոնանում ես պրոցեսի վրա, որ լավ ու արդյունավետ կատարես: Դե իհարկե ընթացքում էլ մտածում ես ամեն ինչ անես, որ կենդանի մնաս:

Լսում ու զարմանում եմ Սեյրանի պատերազմի մասին սառը ու կշռադատված դատողություններից` ոչ մի պաթոս, զուտ ռացիաոնալ մոտեցում ու վերլուծություններ: Պատերազմը իրենց ավելի հասուն է դարձրել, քան թիկունքում մի ամբողջ կյանք ապրած շատ մարդկանց:

-Իսկ վա՞խ, վախ ընդհանրապես չկա։

-Կա, ոնց կարող է չլինել: Վախ կյանքը կորցնելու մտքից միայն խենթերի մոտ չի լինում, բայց մի պատերազմ անցնելուց հետո արդեն որոշակի փորձառություն ենք ձեռք բերել... մեզ առաջնորդում է հավատը... առ Աստված ու առ հաղթանակ: Սա է մեզ տարբերում թշնամուց, դա է մեր հաջողությունների գրավականը... Թշնամին հաղթանակին չի հավատում, նա զուտ պարտադրված գործողություններ է կատարում:

-Ասացիր մի պատերազմ անցնելուց հետո որոշակի փորձառություն ես ձեռք բերել, բա նրանք, ովքեր չեն անցել պատերազմի բովով, ում համար սա առաջին մկրտությունն է, նրանք ինչպե՞ս են դրսևորում իրենց մարտի դաշտում:

-Նրանք ավելի անվախ ու վճռական են: Նրանց առաջնորդում է Հայրենիքի համար հերոսանալու գաղափարը:

-Լավ որպես պատերազմի մասնակից, որպես այս ամենը իր միջով անց կացրած մարդ, ի՞նչ ես մտածում վերջը ինչ պետք է լինի։

-Պետք է կռվենք` մինչև վերջնական հաղթանակ:

-Ինչքա՞ն, ռեսուրս ունե՞նք երկար կռվելու։

-Ունենք...էստեղ հարցը ոչ այդքան սպառազինությունն ու հնարավորություններն են, որքան տրամադրվածությունը ու եղած ռեսուրսները ռացիոնալ ու հմուտ օգտագործելը: Մեզ դա հաջողվում է, որովհետև մենք գաղափարի և Հայրենիքի համար ենք կռվում, թշնամուն ոչ` որովհետև նա պարտադրված է մասնակցում այս ամենին: Ուստի որքան էլ մեծ լինեն Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ միջոցները` դրանք մի օր սպառվելու են: Ինչպես ասում են, քանակը որակ չի տալիս: 

Ի վերջո, պատերազմական գործողությունները ունեն իրենց տրամաբանությունը. եթե         հարձակվող կողմը առաջին հինգ օրվա ընթացքում չի հասնում իր առջև դրված նպատակին, դատապարտված է երկար, մաշեցնող պատերազմի` իր համար անփառունակ ավարտով:

-Լավ բայց, որ առաջնագծում կռվում եք, իսկի հույսներդ չեք դնու՞մ խնդրի դիվանագիտական լուծման վրա, չեք մտածու՞մ` այնտեղ` թիկունքում դիվանագետները երբ են իրար հետ լեզու գնտելու, մենք էլ վերադառնանք մեր տները։

-Տեսեք, եթե սկսվում է պատերազմ, նշանակում է դիվանագիտական լուծումների բոլոր հնարավորությունները սպառվել են... Պատերազմով պետք է պարտադրենք դիվանագիտական լուծումներ:

Պատերազմ է` պետք է պատրաստ լինենք և կռվելու, և մահերի, և հավելյալ ծախսերի և, Աստված մի արասցե, տարածքային կորուստների... ինչպես նաև հաղթանակների և նոր ձեռքբերումների...

Սեյրանի հասուն դատողությունները հերթական անգամ ստիպում են ինձ զարմանալ... Այս օրերին հազար ու մի քաղաքագետից ու դիվանագետից, լրագրողից ու հասարակական գործչից հազար ու մի դատողություն եմ լսել... մարտի դաշտում կռիվը թողած տեղափոխել են թիկունք` հներն են մեղավոր, որ պատերազմը սկսվեց, նորերն են մեղավոր, որ չկարողացան բանակցել...

Թերևս այդ տարիքն առած «հասուն ու փորձառու» մարդկանցից և ոչ մեկը չկարողացավ ստեղծված իրավիճակը ու դրանից դուրս գալու ելքերը այսքան դիպուկ ու լակոնիկ ձևակերպել, որքան այս 24-ամյա երիտասարդը:   

P.S. Դե պատերազմը մի օր կավարտվի.... Որոշել ես ի՞նչ ես անելու խաղաղ պայմաններում, ինչո՞վ ես զբաղվելու։

Չի պատասխանում. «Դրա ժամանակը չի, հետո կխոսենք...»   

  • Կիսվել: