ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եթե մենք ուզում ենք ունենալ Արցախ, դա նշանակում է ազատվել այսօրվա իշխանությունից. Էլինար Վարդանյան

Եթե մենք ուզում ենք ունենալ Արցախ, դա նշանակում է ազատվել այսօրվա իշխանությունից. Էլինար Վարդանյան

Առաջին անգամ պետությունների եւ միջազգային կառույցների կողմից հնչեցին կոչեր, որոնք հասցեական էին` ուղղված Ադրբեջանին: Այս մասին այսօր` հունվարի 14-ին, «Շրջափակված Արցախ. Ադրբեջանի ահաբեկչության և հանցավոր անտարբերության ճիրաններում» քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը` խոսելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Շատ հաճախ այդ կոչերն ու հայտարարությունները ոչ թե ՀՀ կառավարության գործունեության արդյունք են, այլ Սփյուռքի մեր հայրենակիցների գործողությունների արդյունք են: Ասել, որ այս հայտարարությունները իսկապես որպես ճնշման գործիք կարող են օգտագործվել Ադրբեջանի դեմ, միամտություն կլինի, որովհետեւ հայտարարությունները եղել են հենց շրջափակման առաջին օրերից, մինչեդեռ Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը, մենք շատ լավ հասկանում ենք, որ այսպես կոչված էկոակտիվիստների հետեւում Ադրբեջանի իշխանությունն է կանգնած»,-ասաց նա:

Վարդանյանի խոսքով` միջազգային հանրության հետ աշխատելու խնդիրը կայանում է նաեւ նրանում, որ այսօրվա իշխանությունների ընտրած «բառամթերքը» միջազգային հանրությանը տարակուսանքի մեջ է դնում:

«Երբ մենք տարբեր միջխորհրդարանական եւ միջազգային կառույցներում բարձրացնում ենք Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչից որ հրաժարվել են այս իշխանությունները, մեզ այնտեղ ասում են` ձեր պետությունում  կողմնորոշվեք, ի վերջո, ի՞նչ եք ուզում, ձեր իշխանություններն այլեւս Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին չեն խոսում, Արցախի ինքնորոշում չեն պահանջում, հետեւաբար, ինչ եք դուք մեզանից պահանջում: Սա իսկապես լուրջ խնդիր առաջացրել միջազգային հանրության հետ աշխատանքներում,  եւ դա է պատճառը, որ միջազգային հանրության հայտարարությունները հետեւանքներ չեն առաջացնում»,- ասաց նա:

Ամփոփելով` Վարդանյանն ասաց, որ պետությունների եւ միջազգային կառույցների մինչ այժմ հնչեցրած հայտարարությունները արդյունք չեն տվել, քանի որ իշխանությունը «ձեռքերը լվացրել է» Արցախի հարցից:

«Որեւէ միջազգային կառույց սեփական նախաձեռնությամբ որեւէ բան չի անելու, այստեղ լուրջ աշխատանք է պետք, սակայն, ցավոք սրտի, ունենք հետեւյալ կազուսային վիճակը. Արցախը զրկված է այդպիսի լուրջ միջազգային աշխատանք կատարելու հնարավորությունից, իսկ Հայաստանը չի ուզում նման աշխատանք կատարել: Միջազգային հանրության  հետ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք եւ ոչ թե նստել, հայացքներն ուղղել, ասել` լավ հայտարարություն էր, վատ հայտարարություն էր, դա բացառապես աշխատանքի արդյունք պետք է  լինի: Այստեղ բացառապես քաղաքական լուծումներ են անհրաժեշտ, որովհետեւ ճգնաժամը քաղաքական է եւ քաղաքական լուծումները պետք է կիրառվեն, իսկ քաղաքական լուծման միակ ճանապարհը հետեւյալն ` եթե մենք ուզում ենք ունենալ Արցախ, դա նշանակում է ազատվել այսօրվա իշխանությունից, որովհետեւ իրենց գործողությունները ամեն օր բարդացնում են Արցախի հարցի լուծումը»,- եզրափակեց նա:

  • Կիսվել: