ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե ամեն ինչ լավ լինի, նրանք կհեռանան․ Ալիևը՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների մասին

Եթե ամեն ինչ լավ լինի, նրանք կհեռանան․ Ալիևը՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների մասին

«Ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Նրանց գտնվելու ժամկետը հինգ տարի է․ եթե ամեն ինչ լավ լինի, ապա նրանք կհեռանան։ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ոչ մի ռազմակայան չպետք է լինի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում տեղական և օտարերկրյա լրագրողների հետ մամուլի ասուլիսին։

Նա նշել է, թե «այն տարածքներում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, այդքան էլ շատ մարդիկ չեն ապրում։ «Մենք պատրաստ ենք ինտեգրման։ Այժմ քննարկումներ են ընթանում տարբեր տարբերակների շուրջ։ Խանքենդին [Ստեփանակերտ – խմբ․] և մյուս շրջանները, որտեղ ապրում են հայերը, պետք է հասկանան, որ ինտեգրման գործընթացն անխուսափելի է։ Չկա այնպիսի պետություն, ինչպիսին Արցախն է, և չի լինի։ Նրանք ապրելու են որպես Ադրբեջանի քաղաքացիներ»,- ասել է նա։

Ալիևը նշել է, թե Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնատար անձանց միջև շփումներն արդեն կարգավորվում են․ «Գործընթացը գնում է դրական ուղղությամբ, և նպատակին հասնելու համար մենք պետք է իմաստուն վարվենք»։

«Կան որոշ կետեր, որոնք ներկայում քննարկման առարկա են։ Հուսով եմ, որ Հայաստանը, չնայած ներքին իրավիճակին, կկատարի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրի պարտավորությունները։ Հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվի ավելի ծանր իրավիճակում»,- ասել է նա։

Ալիևն ասել է, որ Ղարաբաղյան պատերազմում Հայաստանը «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրներ չի կիրառել։

Խոսելով Ռուսաստանի կողմից հայկական բանակի վերազինման մասին՝ Ալիևն ասել է․ «Ուզում եմ հարցնել, թե ինչու է Ռուսաստանը օգնելու ձևավորել Հայաստանի նոր բանակը։ Պատերազմն ավարտվել է»։

Պատասխանելով իրանցի լրագրողի՝ Ղարաբաղյան պատերազմում ահաբեկիչներ ներգրավելու մասին հարցին, Ալիևն ասել է․ «Որևէ ապացույց չկա, որ այստեղ ահաբեկիչներ են եղել։ Դուք չեք կարողացել ներկայացնել կոնկրետ երկրներ և փաստաթղթեր։ Չկա այդ ապացույցը։ Ցավալի է, որ նման հարց է տալիս բարեկամ երկրի լրագրողը։ Խորհուրդ եմ տալիս ձեզ չզբաղվել շահարկմամբ։ Խնդրում եմ ձեզ ավելի ճշգրիտ լինել ձեր հարցերում»։

Ալիևն անդրադարձել է նաև Ղարաբաղում ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու նախաձեռնությանը։ Նա ծաղրել է և առաջարկել, որ «անջատողականները խոսեն սուահիլիով [աֆրիկյան լեզու – խմբ․]»։

«Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ Բոլորն այդ տարածքները ճանաչում են որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Ադրբեջանում միակ պաշտոնական լեզուն ադրբեջաներենն է։ Այդ պատճառով այլ լեզու չի կարող պաշտոնական կարգավիճակ ունենալ Ադրբեջանի տարածքում։ Միևնույն ժամանակ, մենք ոչ մի լեզվի սահմանափակում չենք դնում։ Մենք ունենք մոտ 340 ռուսալեզու դպրոց, իսկ Հայաստանում այդ թիվը հավասար է զրոյի։ Այնտեղ գործում է միայն ռուսական ռազմական կոնտինգենտի երեխաների համար նախատեսված դպրոց»,- ասել է Ալիևը։

Աղբյուր՝ civilnet.am

  • Կիսվել: